Արտաքին Ներքին Միտք 3 ամիս առաջ - 15:00 17-02-2026

ԱՄՆ-ի աջակցությունը․ մի Օրբան էլ Փաշինյանն է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանում էր։ Այս այցը դեռ երկար կհիշվի ոչ թե նրա համար, որ անկախացումից ի վեր սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն էր մեր երկիր, այլ Վենսի այն հայտարարության, որ հունիսին կայանալիք ընտրություններում նա աջակցում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին։ Բայց, եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա (Փաշինյանը) անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար»,- հայտարարել էր աշխարհի թիվ 1 գերտերության 2-րդ դեմքը։

ԱՄՆ փոխնախագահի այս հայտարարությունը, որը բաց տեքստով աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և մի շարք փորձագետների գնահատմամբ միջամտություն ՀՀ ներքին գործերին, իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ։ Հանրային դիսկուրսում շատ է հնչում այն տեսակետը, որ Վենսի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի աջակցությունը Նիկոլ Փաշինյանի հաղթանակն այլևս անխուսափելի է դարձում, սակայն կա նաև տեսակետ, որ հիշյալ գործիչներն ոչ թե անձամբ Փաշինյանին են աջակցում, այլ նրա որդեգրած քաղաքական գիծը, և եթե իշխանության հայտ ներկայացնող առանցքային ընդդիմադիր ուժերը գրագետ աշխատանեն, այս դերակատարներին հավաստիացնեն, որ Փաշինյանի ստանձնած պարտավորություններից չեն հրաժարվելու, ապա գործող վարչապետին իշխանազրկելու օրակարգը հաջողելու անհամեմատ ավելի մեծ շանսեր կունենա։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհում միակ օտարերկրյա ղեկավարը չէ, ում Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է հայտնել ընտրություններին ընդառաջ։ Մասնավորապես՝ նախօրեին Հունգարիա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ նախագահ Թրամփը հետաքրքրված է ընտրություններում Օրբանի հաջողությամբ, քանի որ վերջինիս առաջնորդությունը և Թրամփի հետ նրա լավ հարաբերությունները կարևոր են Միացյալ Նահանգների համար: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ երկու երկրները մտնում են հարաբերությունների «ոսկե դարաշրջան», ինչը պայմանավորված է նաև Օրբանի և Թրամփի անձնական հարաբերություններով, իսկ երկկողմ կապերի ապագան էլ կախված է Օրբանի վերընտրվելուց։ «Ես կարող եմ վստահությամբ ասել, որ նախագահ Թրամփը խորապես նվիրված է ձեր հաջողությանը, քանի որ ձեր հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Հատկանշական է, որ Վիկտոր Օրբանը համարվում է Եվրոպայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշանկիցը։ Թեպետ Հունգարիան ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է, այնուամենայնիվ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր այս երկիրը՝ Օրբանի գլխավորությամբ, ոչ միայն չի միացել հակառուսական պատժամիջոցներին ու ջերմ հարաբերություններ է պահպանել Պուտինի իշխանության հետ, այլև նախորդ տարիներին ամենաշատն է խոչընդոտել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդունմանը, ինչպես նաև Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության տրամադրմանը։ Օրերս էլ Օրբանը հայտարարեց, որ Հունգարիան դեմ է մինչև 2027 թվականը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը, իսկ, ինչպես հայտնի է, ԵՄ-ին անդամակցել հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ անդամ բոլոր երկրները կանաչ լույս են վառում։

Բացի այդ, հայ հանրության շրջանում Օրբանը ընկալվում է որպես արյան վաճառական։ 2012 թվականին հենց նա էր Հունգարիայի վարչապետը, ում թողտվությամբ այս երկիրը խոշոր գումարի դիմաց Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որտեղ նա ոչ միայն կալանքից ազատ արձակվեց, այլ նաև հերոսացվեց ու պաշտոնի առաջխաղացում ունեցավ։ Արտահանձնումից անմիջապես հետո Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց, որոնք վերականգնվեցին միայն 10 տարի անց՝ 2022-ին՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, թեպետ հունգարական կողմն անգամ ներողություն չէր խնդրել իր ամոթալի արարքի համար։

Ընթերցողի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչն է միավորում Նիկոլ Փաշինյանին և Վիկտոր Օրբանին, որի արդյունքում երկու գործիչներին էլ ԱՄՆ-ն ընտրական գործընթացներից առաջ աջակցություն է հայտնում։ Կարծում ենք՝ հաստատապես դա ժողովրդավարությունը չէ, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Հունգարիայում ժողովրդավարության մակարդակը մտոհոգիչ հետընթաց է գրանցում, երկու երկրների ղեկավարների քննադատների ու քաղաքական հակառակորդներից շատերը բանտերում են, ուստի ԱՄՆ-ն եթե անգամ սրա վրա աչք է փակում ու չի քննադատում, ապա վստահաբար չի էլ աջակցում ու իր աջակցությունը նման գործոններով չի պայմանավորում։

Չենք բացառում, որ Փաշինյանին ու Օրբանին միավորում է Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ դաշնակցությունը և հենց սրանով է պայմանավորված ԱՄՆ-ի աջակցությունը հիշյալ երկու գործիչներին։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Վիկտոր Օրբանը թեպետ արտաքուստ կամ փաստացի ջերմ հարաբերություններ են պահպանում Արևմուտքի հետ, տարբեր ձևաչափերով խորացնում համագործակցությունը վերջինիս հետ, այնուամենայնիվ մարտավարական մակարդակում նաև չեն անում այնպիսի քայլեր, որոնք կհարվածեն Մոսկվայի շահերին. եթե Օրբանը չի միանում հակառուսական պատժամիջոցներին, խոչընդոտում է Ուկրաինային աջակցության փաթեթներին, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանը դուրս չի բերում Ռուսաստանի առաջնորդած կառույցներից՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, չի հեռացնում ռուսական ռազմաբազան ու ռուս սահմանապահներին, այլև ավելի է մեծացնել ՌԴ-ից ունեցած կախվածությունը, որի հետևանքները Հայաստանը տարեցտարի ավելի ու ավելի շատ է զգում։ Տեղին է հիշել Մոսկվայում Ալեն Սիմոնյանի արած այն հայտարարությունը, որ իրենց իշխանությունը ՌԴ–ին համարում է բարեկամ և դաշնակից։

Կարճ ասած՝ մի Օրբան էլ՝ Ռուսաստանի դաշնակից, Նիկոլ Փաշինյանն է, ու հավանաբար հենց սրա համար է Թրամփի վարչակազմն առաջիկա ընտրություններում հենց նրան աջակցում…

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի