Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 17:30 16-02-2026

Տգե՞տ են, թե՞ կեղծարար․ ՔՊ–ի 9,33% անվավեր ձայները կասկածելի են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վերջին երեք օրերն ընտրական էին։

Կուսակցության անդամներն ընտրություն էին կատարում առաջադրված 274 թեկնածուների միջև՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 50 հորիզոնականները ձևավորելու նպատակով։

ՔՊ-ի ներկայացուցիչներն այս օրերին առիթը բաց չեն թողնում մեզ վստահեցնելու, որ այս ընտրությունները վկայում են իրենց քաղաքական ուժի ներսում ներկուսակցական ժողովրդավարության առկայության մասին, իսկ նրանց քարոզիչներից ոմանք էլ պնդում են՝ եթե կուսակցությունը ներքին ժողովրդավարություն ունի, ապա իշխանության գալուց հետո երկիրը նույն ճանապարհով կկառավարի։ Այս հավաստիացումները հանրության լայն շերտերի մոտ ժպիտ են առաջացնում, քանի որ նույն հանրության հիշողություններում դեռևս թարմ է այն դրվագը, երբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում Նիկոլ Փաշինյանը առաջնային մանդատով օժտված ԱԺ պատգամավորներին SMS-ով «խնդրում էր» մանդատները վայր դնել, իսկ իր «խնդրանքը» կատարելուց հրաժարված պատգամավորը ոչ միայն կուսակցությունից ու խմբակցությունից հեռացվեց, այլև նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։

Այնուամենայնիվ, չցանկալով ներքաշվել ինտրիգների մեջ, մեր ընթերցողների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել մեկ այլ իրողության վրա։ Մասնավորապես՝ ներկուսակցական ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 1061 ՔՊ-ական, որոնցից իր ընտրական իրավունքն իրացրել է 1028-ը, կամ 96․88%-ը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Ուշագրավ է, սակայն, որ 1028 քվերաթեթիկներից 96-ը անվավեր է ճանաչվել։ Սա կազմում է պատվիրակների մոտ 9․33 տոկոսը, ինչը չենք կարող մտահոգիչ չորակել, քանի որ օրինակ համապետական ընտրություններում սա 3 կուսակցությունից կազմված դաշինքի համար անցողիկ շեմն է։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված անվավեր քվեաթերթիկների նման մեծ թիվը, երբ քվերկության կարգը բավականին պարզ էր, այն է՝ յուրաքանչյուր պատվիրակ կարող էր առավելագույնը 50 թեկնածուի կողմ քվեարկել։ Այս իրավիճակում առաջ է քաշվում 2 հիմնական վարկած․

Առաջին վարկածն այն է, որ ՔՊ–ի 1028 պատվիրակներից 96-ի մտավոր և կրթական ցենզը թույլ չի տվել մինչև 50-ը հաշվել, կամ հասկանալ այն իրողությունը, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է քվերակել առավելագույնը 50 թեկնածուի օգտին։ Սրա հետևանքով վերջիններս գուցե ավելի շատ թվով թեկնածուների օգտին են քվեարկել, ինչի պատճառով էլ նրանց քվեաթերթիկները անվավեր են դարձել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք շուրջ 8 տարի իշխող քաղաքական ուժի հետ՝ այս վարկածին սկզբնապես առավել թերահավատորեն ենք մոտենում։ ՔԵթե իսկապես անվավեր քվերաթերթիկների կամ առնվազն դրանց մի մասի հիմքում այս իրողությունն է ընկած, ապա այստեղ մեծ աշխատանք ունի կատարելու Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ով «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում գուցե թվաբանության դասընթացներ կազմակերպի՝ ուշադրության կենտրոնում պահելով Փաշինյանի կուսակիցների թե՛ թվաբանական, թե՛ տրամաբանական գիտելիքների զարգացումը։

Մյուս վարկածն ավելի մտահոգիչ է և հակաժողովրդավարական․ ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունների արդյունքները կեղծել են։ Անվավեր քվեաթերթիկների նման մեծ թիվը հանրության շրջանում կասկածներ են առաջացնում, որ գուցե ընտրությունների արդյունքներով ՔՊ վերնախավի և հարակից շրջանակների համար ոչ այնքան ցանկալի պատկեր է գրանցվել, ինչը որոշակիորեն խմբագրվել է՝ քվեաթերթիկների մի մասը՝ 9․33%-ը, անվավեր դարձնելու ճանապարհով։ Քանի որ ինչպես ՔՊ-ականներն են հայտարարում, Հայաստանում ընտրությունները կեղծելու էջն անշրջելիորեն փակվել է, քվերակության օրերին էլ կուսակցության գրասենյակը չի հոսանքազրկվել, ինչպես օրինակ 2021-ի ԱԺ, 2025-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններում և այլն, այս վարկածն անիրատեսական է թվում։ Այս դեպքում առաջին վարկածն առավել արժանահավատ է թվում, ուստի Աննա Հակոբյանը չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն պետք ստաձնի։

Կարճ ասած՝ գետնի վրա առկա է մի փոքր այլ իրականություն, և իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում իշխանականների այն պնդումները, թե Հայաստանում ընտրակեղծիքների էջը մեկընդմիշտ փակված է։ Ինչպես այս ներկուսակցական ընտրությունները, այնպես 2022 թվականին տեղի ունեցած ՔՊ վարչության ընտրությունները, որոնց ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո ընտրված վարչության կազմը փոխոխությունների ենթարկվեց, փաստում են, որ ՔՊ-ում ներկուսակցական ժողովրդավարության պնդումները եթե չասենք սուտ են, ապա առնվազն արժանահավատ չեն։

Այս իրավիճակում միայն կարող ենք ենթադրել, թե համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչպիսի նման միջադեպեր են տեղի ունենում, որոնք ևս կասկածի տակ են առնում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մասին բոլոր հավաստիացումները։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան