Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:11 11-02-2026

Այս օրը կոչված է ընդգծելու կանանց ներդրումը գիտության մեջ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Փետրվարի 11-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ:

«Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ, նրանց ներգրավվածության կարևորությունը գիտական ոլորտում, ինչպես նաև նրանց հետազոտական, ստեղծագործական և կառավարչական ներուժի բացահայտման անհրաժեշտությունը։ Կանանց ավելի բարձր մասնակցայնությունը գիտության մեջ նպաստում է ոլորտի համակողմ և ներառական զարգացմանը՝ բազմապատկելով գիտության վերափոխիչ ազդեցությունը հանրության լայն շերտերում։

Գիտության ոլորտում պետական լայնածավալ բարեփոխումների, ֆինանսավորման զգալի աճի և կին գիտնականների հետազոտությունների խթանման հատուկ միջոցառումների համատեքստում վերջին տարիներին Հայաստանում դիտվում է դրական դինամիկա։ Մասնավորապես՝ աճել է գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում կին գիտաշխատողների թիվը՝ հասնելով 53,6 տոկոսի (3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են)․ այս ցուցանիշը գերազանցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած համաշխարհային միջին ցուցանիշը մոտավորապես 1,7 անգամ։ Միաժամանակ, մինչև 50 տարեկան գիտաշխատողների շրջանում կանանց բաժինը գերազանցում է 58 տոկոսը, ինչը վկայում է երիտասարդ կանանց շրջանում գիտության ոլորտի՝ որպես հիմնական գործունեության տեսակի գրավչության աճի մասին։

Դրական դինամիկան մեծապես պայմանավորված է նաև ՀՀ Կառավարության կողմից գիտության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներով։ Դրանցից են ոլորտում բազային աշխատավարձի աստիճանական աճը և դրամաշնորհային բազմաթիվ ծրագրերի առկայությունը, որոնց շնորհիվ գիտության ոլորտը սկսում է ընկալվել որպես հեռանկարային աշխատանքի և մասնագիտական աճի ոլորտ։

Այդուհանդերձ, թեև հայաստանյան գիտական համայնքում կին և տղամարդ գիտնականների թիվը համադրելի է, գիտության ոլորտում 442 գիտական ղեկավարներից (բաժնի պետ/վարիչ, լաբորատորիայի վարիչ, խմբի ղեկավար, կենտրոնի ղեկավար) միայն 30 տոկոսն է կին։ Սա հիշեցնում է գիտության կառավարման համակարգում դեռևս առկա սեռային անհամամասնությունների մասին, որը գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների պահանջներին առավել արդյունավետ արձագանքող կառավարման կարողությունների զարգացման ընդհանուր օրակարգի մաս է կազմում, և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում։

Գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների պետական քաղաքականության արդյունքում վերջին 4 տարիների ընթացքում անցկացվել են երկու դրամաշնորհային մրցույթներ, որոնք ուղղված են գիտության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով կանանց կարողությունների զարգացմանը։

Կին հետազոտողների առաջնորդական և կառավարչական կարողությունների զարգացման նպատակով ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է մի շարք թիրախային ծրագրեր, որոնց շրջանակում մինչ օրս աջակցություն է ստացել կին հետազոտողների ղեկավարած 46 գիտական խումբ, որոնցից 42-ը՝ ԲՏՃՄ ուղղություններով։

ԲՏՃՄ ոլորտում կին գիտաշխատողների ներկայացվածության բաժինը ևս զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջինացված ցուցանիշները՝ կազմելով 52 տոկոս․ ի համեմատություն՝ ԵՄ երկրներում ԲՏՃՄ ոլորտում կին հետազոտողների ներկայացվածությունը շուրջ 40 տոկոս է։ Կին հետազոտողները մեծամասնություն են կազմում նաև ՀՀ հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտում՝ կազմելով այդ ոլորտներում հետազոտողների ընդհանուր թվի 58 տոկոսը։

ԲՏՃՄ ուղղություններով կին գիտնականների ներգրավվածության աճը կարևոր է մի շարք տեսանկյուններից. մի կողմից՝ ԲՏՃՄ ոլորտի զարգացումը պետության առաջնահերթ ուղղություններից է, և կանանց մասնակցության աճը կարևոր ուղենիշ է սահմանված նպատակների իրագործման ճանապարհին։ Մյուս կողմից՝ կանանց ներուժի զարգացումը և նրանց ներկայացվածության բարձրացումը ԲՏՃՄ ոլորտում նաև 2026 թ․ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կարևոր շեշտադրումներից են։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անխոչընդոտ նվիրվել հետազոտական աշխատանքին և դեռևս ուսանողական տարիներից վստահ լինել, որ այդ ձգտումը կգտնի առավելագույն ինստիտուցիոնալ, ենթակառուցվածքային, ֆինանսական և ցանկացած այլ աջակցություն պետության կողմից։

Շնորհավոր բոլոր կին գիտաշխատողների մասնագիտական օրը: Մաղթում եմ բեղուն աշխատանքային գործունեություն և գիտական մտքի նոր նվաճումներ»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից