Մեկ դրամով աշխատելու հնարավոր հեռանկարը, կարծես՝ ամենասարսափելի խոսույթն է Նիկոլ Փաշինյանի համար։
«Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞նչ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-ին Հ1-ի եթերում, Տաթև Դանիելյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով հանրային քննադատություններին, թե վարչապետը կարող է աշխատել 1 դրամով։
Այս պատասխանը հանրային լայն արձագանք է ստացել։ Ոմանք սա բնորոշոմ են ցինիզմ, հաշվի առնելով այն, որ վարչապետն աշխատավարձով կոստյում կամ սնունդ գնելու կարիք չունի, քանի որ կոստյումի, սնվելու և այլ կարիքների համար միլիոնավոր դրամների ֆոնդ է նախատեսված։ Այսինքն՝ վարչապետի ծախսերը ծածկվում են հարկատուների միջոցներից ոչ միայն բյուջեով նախատեսված տողով, այլև առանձին գոյացող հիմնադրամից։
Ինչո՞ւ է 1 դրամով աշխատելու թեման սուր ընկալվում Փաշինյանի կողմից։
Պատմությանը հայտնի են բազմաթիվ ղեկավարներ, որոնք հրաժարվել են աշխատավարձից, անհարկի մեծ ծախսերից, վարել են ժուժկալ վարք։ Օրինակ՝ Ուրուգվայի նախկին (2010-2015թթ) նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա հրաժարվել էր անհարկի ծախսերից։ Հայրենակիցները նրան անվանել են El Pepe՝ «el presidente mas pobre», որ նշանակում է «ամենաղքատ նախագահ»։ Պետության հատկացրած 12.500 դոլարից նա իրեն է պահել միայն 1.200 դոլարն՝ ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 90 տոկոսը ուղղել է բարեգործությանը։ «Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում», ասել է Մուխիկան։
Հայաստանում ևս շատ մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում։ Օրեր առաջ վարչապետը զարմացել ու կասկածի տակ էր առել, որ իր ծանոթ մատուցողը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Բազմաթիվ մարդիկ աղքատ են, ոչ թե չաշխատելու, այլ ցածր աշխատավարձ ստանալու պատճառով։ Այս համապատկերում են աչք ծակում վարապետի մեծ ծախսերը, դրան գումարած նաև աշխատավարձն ու պարգևավճարը։
Իսկ վարչապետն, իրոք, անհարկի մեծ ծախսեր է անում։ Օրինակ՝ «Կրթվելը նորաձև է» արշավի վրա մեծ միջոցներ են ուղղվել։ Ի՞նչ են տվել այդ ծախսատար հանդիպումները, կրթվելը նորաձև՞ է դարձել, մարդիկ ավելի շա՞տ են կարդում, կարդացածից ավելի շա՞տ բան են հասկանում։ Ո՞վ է չափել, այս ենթադրյալ արդյունքները։ Վարչապետն իր աշխատավարձո՞վ էր կազմակերպում այդ անիմաստ հանդիպումները։ Կամ Վարչաբենդը կազմակերպելու համար Փաշինյանն իր աշխատավարձի՞ց է ծախսում։
Վերացական է նաև վարչապետի ակնարկը 1 դրամով կոստյում ու սնունդ գնելու անհնարինության մասին։ Վարչապետի ծախսերի մեծ մասը կատարվում են ուղիղ բյուջեի հաշվին, վարչապետի աշխատակազմին հատկացված հարկատուների միջոցների հաշվին։ Այսինքն՝ աշխատավարձը ծախսելու տեղ փաստացի չի մնում։ Փոխարենը՝ հայտնի չէ, թե Փաշինյանն ինչ բարեգործական ծրագրերի է մասնակցում։ Ենթադրելի է, որ 1 դրամի մասին սպեկուլյացիաներն անհարկի շրջանառվում են այդպիսի ծրագրերի համար դուռ բացելու նպատակով։ Եվ առաջիկայում նախընտրական տրամաբանության մեջ ՔՊ-ն իր վարկանիշը բարձրացնելու համար բարեգործական միջոցառումներ է կազմակերպելու, որին ուղղելու են Փաշինյանի և նրա թիմակիցների աշխատավարձերի մեծ մասը։
Կարճ ասած՝ 1 դրամով կարելի է վարչապետ աշխատել։ Պարզապես՝ պետք է ժողովրդին, ցածր աշխատավարձով ապրող մարդուն, պետությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը սիրել ու գնահատել ավելի, քան սնունդը կամ կոստյումը։
Թաթուլ Մկրտչյան