Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 31-ին օտար լեզուների միասնական քննությունն ուղեցվել է սկանդալով։ Բազմաթիվ քննական կենտրոնում անգլերենի թեստերի 2-րդ և 4-րդ տարբերակներում տպագրական խոտան է հայտնաբերվել, իսկ ավելի ուշ խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները, սակայն սա բազմաթիվ դժգոհությունների պատճառ է դարձել։
Ավելի ուշ Գնահատման թեստավորման կենտրոնից հայտնեցին, որ դիմորդները նոր քննություն հանձնելու հնարավորություն կունենան։ «Լրացուցիչ քննությանը դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: Այսինքն, երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից կարող են օգտվել բոլոր դիմորդները: Քննության օրվա մասին առավել որոշակի՝ առաջիկայում»,- ասվում էր ԳԹԿ-ի հայտարարությունում։
Oragir.News-ը ԿԳՄՍՆ-ից փորձեց ճշտել՝ ե՞րբ է կազմակերպվելու հաջորդ քննությունը, որոշում կայացվե՞լ է այդ մասով, թե՞ ոչ։
Գերատեսչությունից մեզ փոխանցեցին, որ թե՛ ԳԹԿ-ն, և թե՛ ԿԳՄՍՆ-Ն շուտով հայտարարությամբ հանդես կգան։
ԳԹԿ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«Սույն թվականի հունվարի 31-ի Անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում առկա էր տեխնիկական խոտան, որի պատճառով քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքին, կարող են մասնակցել մարտի 1-ին կազմակերպվելիք Անգլերեն առարկայի նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից: Կպահպանվի բարձր միավորը: Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը: Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հետգրության մեջ ԳԹԿ-ն հավելել է․ «Արդար որոշում կայացվեց։ Մարտի մեկին բոլորին հնարավորություն կտրվի անգլերենի քննությանը մասնակցել` երկու քննությունների արդյունքնում պահպանելով ամենաբարձր միավորը»։
Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն մեկնաբանել է ԳԹԿ-ի այս հայտարությունը՝ մեջբերելով Սահմանադրությունից 38-րդ հոդվածը։

Ըստ համապատասխան հոդվածի՝ եթե քննության ընթացքում առկա է տեխնիկական խոտան, որը կարող էր ազդել արդյունքների վրա, ապա խախտվում է հավասար պայմանների սկզբունքը, և պետությունը պարտավոր է վերականգնել այդ հավասարությունը ոչ թե ընտրության, այլ պաշտպանության միջոցով։

Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ Տեխնիկական խոտանի պայմաններում դիմորդին կրկնաքննության պարտադրումը կամ դրա ընտրության առջև դնելը չի կարող համարվել առավել բարենպաստ վարչական լուծում, քանի որ խնդիրը առաջացել է վարչարարության սխալի հետևանքով։
Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ խոտանով անցկացված քննության արդյունքը չի կարող համարվել ամբողջությամբ համադրելի և վստահելի, հետևաբար պետք է կիրառվեին վերահաշվարկի կամ անվավեր ճանաչման մեխանիզմներ, ոչ թե կրկնաքննություն։