Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 23-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է. քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են խստացնել դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները՝ կապված քաղաքական չեզոքության և ֆինանսական աղբյուրների բացահայտման հետ: ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացնող իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի պնդմամբ՝ գործող կարգավորումներով հստակ չեն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել, երբ խախտվում է քաղաքական զսպվածության պահանջը: Նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է: «Այսինքն՝ արդեն գործող կանոնի հստակեցումը և առկա մեխանիզմների ընդլայնումը»,- մանրամասնեց Ջուլհակյանը՝ պնդելով, որ դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: ՔՊ-ականը պատգամավորը հարցերին պատասխանելիս չթաքցրեց, որ այս փոփոխություններն ուղղված են «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման դեմ՝ պնդելով, որ վերջինիս դիտորդները նախորդ ընտրությունների ժամանակ խախտել են չեզոքության սկզբունքը, ավելին՝ անգամ ընդունել են այդ իրողությունը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը ՔՊ-ականների պնդումները սուտ և մանիպուլյացիա որակեց՝ նշելով, որ «ՀայաՔվե»-ն դիտորդական չեզոքությունը չի խախտել։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտնել է, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցով դիմելու են միջազգային կառույցներին։
Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելով փոխգործակցության ակտիվացման հարցեր։ Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։ «Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, «Apple» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ»,– ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, որոնք առնչվել են վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորություններին։ Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը հունվարի 18-23-ն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Հունվարի 20-ին նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր նաև պանելային քննարկման, որի ժամանակ նա մի քանի անգամ շնորհակալություն էր հաստատել ադրբեջանցի գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։
Արցախի Հանրապետության հայաթափումից հետո այնտեղ մնացած 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան: Այս մասին Արսեն Թորոսյանն է ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, ընդ որում ՔՊ-ական պաշտոնյան հատուկ ընդգծել է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է համարում։ «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- նշել է նա՝ չհստակեցնելով՝ Արցախում հայեր մնացե՞լ են, թե՞ ոչ։ Ավելի ոշ նա ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը կհոգա Արցախից տեղափոխված անձանց առողջական և սոցիալական ծախսերը՝ հավելելով, որ արդեն իսկ համապատասխան գերատեսչությունների մասնագետները զբաղվում են այդ հարցերով։ Թորոսյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ հորդորելով չմիջամտել այդ մարդկանց անձնական կյանքին։ «Ինչ-որ ժամանակ կանցնի, եթե նրանցից ոմանք կցանկանան խոսել, ապա դա իրենց որոշելիքն է։ Նրանց հարցերով զբաղվում են. ինչպես տեսնում եք՝ Հայաստան տեղափոխվելու նրանց դիմումը բավարարվել է»,– ասաց նա, ապա վստահեցրեց՝ տեղափոխվածները դիմումները գրել են իրենց ցանկությամբ, և երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի գործակցությամբ գործընթացը կայացել է։
Մանրամասները՝ տեսանյութում: