Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հրաժարվում իր քաղաքական ապագայից և պատրաստ է օգնել հաղթահարել «ամենավատ ճգնաժամը», որի առջև երբևէ կանգնած է երկիրը, գրում է Новости-Грузия-ն։
Նա այս հայտարարությունն արել է 2007 թվականի նոյեմբերին Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու գործով դատական նիստի ժամանակ։ Քաղաքական գործիչն անձամբ մասնակցել է դատավարությանը. առաջին անգամ՝ երեք տարվա ազատազրկման ընթացքում։ Մինչ օրս Սաակաշվիլին միշտ միացել է առցանց՝ առողջական վիճակի պատճառով։
«Ես ձեզ հետ պատրաստվում եմ ապագային և արդեն պատկերացնում եմ մի ապագա, որտեղ ինձ որևէ պաշտոն պետք չէ, բայց կարևոր է, որ ճանաչվի շատ փորձառու, հայրենասեր մարդկանց աշխատանքը, և միևնույն ժամանակ, հատուկ դեր պետք է տրվի երիտասարդությանը, որոնցից լավագույններն ապացուցել են, որ պատրաստ են և արժանի են երկիրը ղեկավարելուն»,- ասել է Սաակաշվիլին։
Նա կրկին խիստ քննադատության է ենթարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին՝ նրան համեմատելով «մաֆիայի պարագլխի» հետ։ Նախկին նախագահն ասել է, որ «մի շաբաթում դրան վերջ կտար», եթե ազատ լիներ և «կարողանար ազատորեն տեղաշարժվել երկրով մեկ»։
«Ես մարտական մարզավիճակում եմ, զգում եմ ժողովրդի հսկայական աջակցությունն ու էներգիան, և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանը խորագույն ճգնաժամից դուրս բերելուն»,- ասել է նա։
«Կա անհուսալիություն և հուսահատություն, բայց ես եկել եմ ձեզ ասելու. կա հույս, և ազատությունն ու երջանկությունը շատ մոտ են։ Ռեժիմը մեկուսացված է ոչ միայն քաղաքակիրթ աշխարհից և մեր հարևաններից, այլև նույնիսկ բռնազավթող Ռուսաստանից»։
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ճգնաժամից դուրս գալու «միակ հնարավորությունը» բոլոր ընդդիմադիր կուսակցությունների միավորումն է։ Նա իր հետ համագործակցությունն անընդունելի համարող քաղաքական ուժերին բնութագրել է որպես «լուռ մեծամասնություն, որը երկկողմանի բարդութավորվում է միայն իր անունը հիշատակելիս»։ Նախկին նախագահի խոսքով՝ նման նախապաշարմունքները «շատ արագ կհաղթահարվեն»։
Նա նաև կոչ է արել քաղաքական գործիչներին «հաղթահարել վախը»՝ մասնավորապես դիմելով Իվանիշվիլիի դաշնակիցներին. «Ո՞րն է մաֆիայի ղեկավարի գլխավոր խնդիրը։ Բոլորին վախի մեջ պահելը՝ առաջին հերթին՝ իր սեփական կլանի անդամներին։ Վրաստանում ոչ մի նոր բան տեղի չի ունենում. սա դասական մաֆիայի համակարգ է»։