Վերջին շրջանում Հայաստանում լրագրողների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը գնալով ավելի կոշտ և անհանդուրժող բնույթ է ստանում։ Իշխանություններին ուղղված քննադատական հարցերը հաճախ ոչ միայն մնում են անպատասխան, այլև ուղեկցվում են լրագրողների նկատմամբ բառային ու ֆիզիկական ճնշմամբ, թիրախավորմամբ և վարկաբեկմամբ:
Վերջին դեպքերը հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանի և Սոնա Գրիգորյանի դուրսբերումն էր ԱԺ-ից, որը տեղի ունեցավ աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։
Այս համատեքստում լրագրողների նկատմամբ ճնշումների, ուժի կիրառման և խոսքի ազատության սահմանափակման վտանգների մասին զրուցել ենք իշխանությունների կողմից պարբերաբար քննադատվող NewDay.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի հետ։ Օրերս Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ նա ստիպված եղավ դիմակայել Նիկոլ Փաշինյանի անհարգալից վերաբերմունքին, երբ պահանջեց նրանից հստակ պատասխան իր հնչեցրած հարցին։
Oragir.News-ի հետ զրույցում Անի Գևորգյանը նշեց՝ համոզված է, որ տեղի ունեցողը համակարգային երևույթ է: «Եթե օրենքով է, թող օրենքի կետը ցույց տան»,- ասաց նա։
Խոսելով լրագրողների նկատմամբ վերջին շրջանի վերաբերմունքի մասին՝ Անի Գևորգյանը նշում է, որ երկար ժամանակ, չնայած անձամբ իր նկատմամբ եղած ճնշումներին, հավատում էր, որ Հայաստանում խոսքի ազատությունը պահպանվում է։
«Չնայած իմ նկատմամբ բոլոր ճնշումներին՝ ես, այնուամենայնիվ, կարծում էի, որ Հայաստանում խոսքի ազատություն կա։ Բայց երբ իշխանությունները սկսեցին իրենց արշավը եկեղեցու դեմ, և լրագրողները իրենց հարցերով փորձում էին ցույց տալ՝ որքանով են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի գործողությունները տեղավորվում Սահմանադրության կամ օրենքների շրջանակում, իրավիճակը սկսեց շիկանալ»,- նշում է նա։
Գևորգյանի խոսքով՝ լրագրողների հարցերը չափազանց պարզ էին՝ ինչ իրավական հիմքով է գործադիր իշխանությունը միջամտում եկեղեցու ներքին գործերին։ «Մինչ այսօր ոչ Փաշինյանը, ոչ նրա թիմակիցներից որևէ մեկը մեզ չեն ներկայացրել Սահմանադրությամբ կամ օրենքներով վերապահված որևէ լիազորություն, որով իրենք կարող են մտնել եկեղեցու ներքին գործերի մեջ, միջամտել, եպիսկոպոսներ հավաքել կամ հայտարարություններ անել արդեն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- շեշտեց նա։
Անի Գևորգյանի համոզմամբ՝ պարզ հարցերին պատասխանելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները անցնում են հարձակման։
«Երբ այդ պարզ հարցերին պատասխաններ չէին տալիս, անցնում էին կամ լրագրողներին հարվածելու։ Մայր Աթոռի բակում՝ ուղիղ տեսախցիկների առաջ, ինձ հարվածել էին Փաշինյանի կողմնակիցները։ Պարզ հարցին պատասխանելու փոխարեն իմ վրա բառիս բուն իմաստով լկտի հարձակում էր գործել Խաչատուր Սուքիասյանը՝ իրենց իշխանության օլիգարխը»,- հիշեցնում է նա։
Լրագրողը շեշտում է, որ կառավարության նիստերի ժամանակ իր հնչեցրած հարցերը բացառապես իրավական դաշտում էին։
«Ես ընդամենը ասում էի՝ «կոնկրետ պատասխանեք, բերեք օրենքի կետ։ Եթե ձեր գործողությունները Սահմանադրությամբ են, օրենքով են և համապատասխանում են մեր միջազգային պարտավորություններին, ինչո՞ւ չեք ասում»։ Դրա փոխարեն սկսում են սպառնալ լրագրողին, հիմարացնել լրագրողին ու լսարանին»։
Գևորգյանի խոսքով՝ լրագրողը պարտավոր է ֆիքսել իշխանության կողմից պատասխան չտալու փաստը։
«Ես ինձ հարգում եմ, իմ լսարանին հարգում եմ։ Եկել եմ հարց եմ տալիս, դու չես պատասխանում։ Բա ժողովուրդը չիմանա՞, որ դու չես կարողանում մատնանշել օրենքի որևէ կետ։ Եթե դու գործում ես օրենքից դուրս, ուրեմն դու քո թիմով հանդերձ վերածվում ես բանդայի»,- նկատում է նա։
Լրագրողը նաև անդրադառնում է Հանրային հեռուստաընկերության դերին՝ նշելով, որ իշխանությունների քննադատությունից հետո գործի է դրվում քարոզչական մեխանիզմը։
Խոսելով Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին միջադեպերի և լրագրողների նկատմամբ հնչող սպառնալիքների մասին՝ Անի Գևորգյանը շեշտում է, որ «օդերը փակելու» մասին հայտարարությունները չեն կարող իրականություն դառնալ։
«Հիմա ում դուրը չգա հարցը, փորձում է լրագրողին թիրախավորել կամ, ժողովրդի խոսքով ասած, մասնագիտական գործունեություն իրականացնելու համար նրա օդերը փակել։ Բայց ես ուզում եմ հստակ ասել՝ որքան էլ ուզեն, որևէ լրագրողի օդ որևէ մեկը չի կարող փակել։ Դա ուզում է լինի պատգամավոր, խորհրդարանի նախագահ կամ վարչապետ՝ ոչ մեկը չի կարող»,- ընդգծում է նա։
Գևորգյանի խոսքով՝ նման սպառնալիքներն ինքնին վկայում են իշխանության թուլության մասին։ «Եթե դու վստահ ես, որ գործում ես օրենքի շրջանակում, հարցից չես վախենում։ Իսկ երբ հարցը քեզ դարձնում է նյարդային ու ագրեսիվ, դա նշանակում է՝ դու խնդիր ունես օրենքի հետ, ոչ թե լրագրողի»,- նշում է նա՝ հավելելով՝ ժողովրդավարության փուչիկը իշխանությունն ինքն է պայթեցնում։
Անի Գևորգյանը կարծում է՝ որքան էլ փորձեն ճնշել լրատվամիջոցներին, իրականությունը լռեցնել հնարավոր չէ։ «Երբ միջազգային հարթակներում ասում են, որ Հայաստանում ժողովրդավարություն կա, դա արդեն պարզ փուչիկ է։ Ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից մեկը խոսքի ազատությունն է։ Եթե դուք բռնանում եք լրագրողների նկատմամբ, ուժ եք կիրառում, այդ փուչիկը դուք ինքներդ եք պայթեցնում»,- ասում է նա։
Մեր զրուցակիցը վստահ է, որ այս ամենը նաև տարիների ընթացքում կուտակված լռության հետևանք է․ «Մենք շատ հարցերի վրա աչք ենք փակել՝ մտածելով, որ դրանք երկրորդական են։ Բայց երբ սկսեցինք այդ հարցերը լուսաբանել, դարձանք իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր։ Եվ հիմա ուղիղ հասկացնում են՝ եթե շարունակեք եկեղեցու հարցը լուսաբանել, մեզ մերկացնել, մենք ձեր օդերը կփակենք, մեր աջակիցները ձեզ փողոցում կծեծեն, մեր օլիգարխները ձեր բեյջից կքաշեն, ձեզ կզիբիլացնեն, իսկ վերջում էլ կասեն՝ “Կառավարության շենքը իմ տունն է, և այնպես կանեմ, որ դու այլևս ոտք չդնես»։
Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ, սակայն նա նշեց, որ իր տեսակետն առաջիկայում կներկայացնի ասուլիսի միջոցով: