Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:04 09-01-2026

Մայր Աթոռը պատասխանել է տիրադավներին, ուխտերթի մասնակիցը զրկվեց Արցախի հերոսի կոչումից․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 9-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է․ առաջին նախագահը դարձավ 81 տարեկան։ Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Ա րևելագիտության բաժնում՝ 1963-68 թվականներին, այնուհետև ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում՝ 1969-1972 թվականներին։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ Տեր-Պետրոսյանը ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը։ Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 83,4 տոկոսով ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնում նա վերընտրվել է նաև 1996 թվականի սեպտեմբերի 22-ի վիճահարույց ընտրություններում, սակայն 1998 թվականի փետրվարի 3-ին ստիպված է եղել հրաժարական տալ՝ Արցախի բանակցային գործընթացում այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Լևոն Տեր-Պետրոսյանը տասնամյա դադարից հետո 2007-ի սեպտեմբերին վերադարձել է քաղաքականություն, մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին, որոնցում պաշտոնական տվյալներով ստացել է ձայների 21․51 տոկոսը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։

Մայր աթոռն արձագանքել է կարգալույծ արված հոգևորականների կողմից տարածվող տեղեկություններին, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գահակալության օրոք մեծ թվով հոգևորականներ են անհարկի կարգալույծ հռչակվել։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ Վեհափառ հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ընդհանուր 101 հոգևորական է կարգալույծ հռչակվել։ Մայր աթոռը շեշտում է, որ կարգալույծ արված 101 հոգևորականների շարքում են նաև Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), Վարդան Հունանյանը (նախկինում՝ տեր Տարոն) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե)։ Մայր աթոռը նաև ներկայացրել է կարգալուծությունների պատճառները։ Ըստ այդմ` 38 -ը հոգևոր ծառայության ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, 21-ը՝ ուղղակիորեն վեհափառ հայրապետի կողմից։ «Ի դեպ, 2011 թվականին Նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը»,- հիշեցնում են Մայր թոռից։ Նշվում է նաև, որ Գարեգին երկրորդի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։

Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոսի» կոչումից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից»,- ասված է հրամանագրում։ Նշենք, որ Կարեն Շաքարյանն այսօր զբաղեցնում է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի և հանրության լայն շերտերի կողմից տիրադավ անունը ստացած 10 եպիսկոպոսների հրավիրած ուխտերթին։ Կարեն Շաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կիսում է Փաշինյանի առաջ քաշած օրակարգը։ Դիտարկմանը, որ բազմաթիվ արցախցիների վրդովեցրել է փաստը, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսներին, նաև այն, որ իր մարտական ընկերները այս պահին Բաքվի բանտերում են, չէր պատասխանել՝ նշելով, որ զբաղված է, այնուհետև արագ հեռացել էր։

Մանրամասները՝ տեսանյութում:




Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան