Արտաքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:40 09-01-2026

Իրանում ինտերնետն արգելափակվել է․ ակցիաները կարող են քաղաքական շարժման վերածվել

Իրանում արդեն 12 օր շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն ստանալը շատ դեպքերում անհնար է, քանի որ երկրում ինտերնետն ամբողջովին արգելափակվել է։

Արդեն երեկ Իրանում տեղի են ունեցել ամենաբազմամարդ ցույցերը, որոնք խժդժություններով են ուղեկցվել, ցուցարարներն անգամ պետական տարբեր շենքեր են գրավել։

Իրանագետ Նվեր Դավթյանն Oragir.News-ին հայտնեց, որ ցուցարարների վերահսկողության տակ անցած կառույցների վերաբերյալ այս պահին հստակ տեղեկատվություն չկա։

«Ինֆորմացիոն որևէ թարմացում չունենք։ Բավական դժվար կլինի ինչ-որ գնահատականներ տալ, հատկապես՝ երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ո՛չ հստակ տվյալներ կան ակտիվիստների գործողությունների մասին, ո՛չ էլ նրանց նկատմամբ իրավապահ ուժերի գործողությունների վերաբերյալ։ Առհասարակ ինտերնետ ցանցը փակված է, մենք չենք կարողանում որևէ տեղեկություն ստանալ»։

Իրանագետը նկատում է՝ չնայած նման դեպքեր Իրանում նախկինում էլ են եղել, հատկապես 2022-ին՝ գլխաշորը պատշաճ չկրելու համար ձերբակալված, երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվանից հետո, այսուամենայնիվ ներկայիս ցույցերն իրենց բովանդակությամբ էապես տարբերվում են 4 տարի առաջ տեղի ունեցած ակցիաներից։

«2022 թվականին բողոքները հիմնականում կրում էին սոցիալ-մշակութային և կրոնական բովանդակություն, իսկ այս պարագայում արդեն սոցիալ-տնտեսական բովանդակությունն է, որը ունի նաև քաղաքականի վերածվելու ռիսկեր»,– նշեց նա։

Դավթյանի խոսքով՝ սկզբնական փուլում բողոքի գործողությունների հիմնական սուբյեկտը ուսանողները չէին։ Նա նշում է, որ այս զարգացումների հիմքում ընկած էր ֆինանսատնտեսական գործոնը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ իսկզբանե փողոց էին դուրս եկել միջին և ցածր շերտի առևտրականները, որոնց վրա գնաճը ամենամեծ ազդեցությունն էր ունեցել, սակայն հետագայում արդեն հասարակության մյուս շերտերը՝ հիմնականում արտաքին արտաքին ազդեցությամբ, միացան գործողություններին և փոխեցին դրանց բնույթը։

Մասնագետը համոզված է, որ եթե Իրանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները չլուծվեն, ապա ակցիաները կարող են վերածվել հասարակական-քաղաքական շարժման։ Այս համատեքստում Դավթյանը կարևորում է հատկապես արտաքին միջամտության գործոնն, որն, իր խոսքով, ակնհայտորեն երևում է։ Իրանագետը նկատեց նաև, որ Իրանում խաղաղ ցուցարարների կողքին կան նաև սադրիչ-խռովարարներ, որոնք աչքի են ընկնում դաժան վարքագծով։ Նա այս համատեքստում մատնանշեց նաև հասարակական նշանակության օբյեկտների թիրախավորումը՝ ընդգծելով, որ դրանք չեն կարող համարվել քաղաքացիական բողոքի դրսևորում։

«Հիվանդանոցը, դեղատունը կամ շտապօգնության մեքենան կարող են թիրախ դառնալ։ Սա նորմալ երևույթ չէ, սա հասարակական բնական ցասում չէ»,– ընդգծեց իրանագետը։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Իրանի ողջ ժողովուրդը ոտքի է կանգնել և մասնակցում է ակցիաներին՝ Նվեր Դավթյանը համոզմունք հայտնեց, որ դրանք չափազանցված են. «Եթե ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, խոսքը պետք է լինի 87 միլիոն մարդու մասին։ Այստեղ մենք գործ ունենք հասարակության առանձին շերտերի հետ»։

Իրանագետը հավելեց նաև, որ այս իրավիճակում տեղեկատվության տարածման և գնահատման հարցում անհրաժեշտ է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել, հատկապես՝ արտաքին և չստուգված աղբյուրների նկատմամբ։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»