Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:10 08-01-2026

Նորվեգիան ուզում է միավորվել Դանիայի հետ, Իրանում ցույցերը չեն դադարում. Աշխարհը 5 րոպեում

Oragir.News-ը ամփոփ ներկայացնում է հունվարի 8-ի միջազգային կարևոր լուրերը:

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ ժամանակն է, որ թագավորությունը «միավորվի Դանիայի հետ»՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների ֆոնին։ «Այժմ ժամանակն է միավորվել Դանիայի հետ... Վերջին բանը, որ ինձ ասաց [Դանիայի վարչապետ] Մետե Ֆրեդերիկսենը, հետևյալն էր. «Այժմ ամեն ինչ լուրջ է, Յոնաս»», - Ստյորեի խոսքերը մեջբերում է NRK հեռուստաալիքը: Ըստ տեղեկատվության՝ Նորվեգիայի վարչապետը դանիացի գործընկերոջ հետ զրուցել է հունվարի 6-ին Փարիզում: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը լրագրողների համար անցկացվող հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթակաների հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում Գրենլանդիան գնելու հնարավորության շուրջ։ Գրենլանդիան ուժով զավթելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Լիվիթը հայտարարել է, որ «նախագահ Թրամփը միշտ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»՝ միևնույն ժամանակ նշելով, որ ամերիկյան առաջնորդի համար առաջնահերթ լուծումը դիվանագիտականն է։

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով: Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները: Ի նշան բողոքի՝ ցուցարարները որոշ քաղաքներում քանդել են արձաններ և հրկիզել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները: Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների և վիրավորների մասին: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցուցարարների մի մասը զինված է մարտական և որսորդական զենքերով. նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 35 կազմակերպություններից, որոնք ՄԱԿ-ի կազմում չեն, և ՄԱԿ-ի 31 գործակալություններից, որոնք «գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ», հաղորդում է Reuters-ը։ Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը չի թվարկել այդ կազմակերպությունները, բայց նշել է, որ դրանք խթանում են «ռադիկալ կլիմայական քաղաքականություն, գլոբալ կառավարում և գաղափարախոսական օրակարգեր, որոնք հակասում են ԱՄՆ ինքնիշխանությանը և տնտեսական հզորությանը»։

Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կդիտարկի որպես արտաքին ինտերվենցիա կհամարի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «կամեցողների կոալիցիայի» համապատասխան որոշումը: «Արևմտյան երկրներից Ուկրաինայի տարածքում ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը կդիտարկվի որպես արտաքին ինտերվենցիա, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական այլ երկրների անվտանգության համար։ Բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կհամարվեն օրինական մարտական ​​թիրախներ»,- ասել է նա գերատեսչության կայքում։ Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել զինված ուժեր՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ The Times պարբերականի տվյալով՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են ուղարկել 15000 զինծառայող, իսկ Գերմանիան պատրաստ է Ուկրաինայի մոտ ուժեր տեղակայել:

Մանրամասները՝ տեսանյութում: