Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:02 09-01-2026

ԱՄՆ-Իրան բախման վտանգ կա, Ստամբուլը կաթվածահար է եղել. Աշխարհը 5 րոպեում

Oragir.News-ը ամփոփ ներկայացնում է հունվարի 9-ի միջազգային լրահոսը:

Ստամբուլում հունվարի 8-ի ուժեղ քամիները և փոթորիկը զգալի նյութական վնասներ են առաջացրել, ինչպես նաև կաթվածահար արել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ քաղաքի տարբեր հատվածներում տապալվել է 45 ծառ, վնասվել և կամ քամուց քշվել է 89 տանիք, փլուզվել է մեկ լքված շինություն և մեկ հենապատ: Գրանցվել է շուրջ 350 ահազանգ։ Փոթորկի պատճառով ժամանակավորապես փակվել է Բոսֆորի նեղուցը, ամբողջությամբ չեղարկվել են նավային երթուղիները, իսկ Ստամբուլի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղարկվել է ընդհանուր առմամբ 97 չվերթ։ Քամու հետևանքով վնասվել է նաև 45 նավակ։ Ուժեղ եղանակային պայմանները վնասել են նաև պատմամշակութային ժառանգություն։ «Հիմնադրամների գլխավոր վարչության» հաղորդմամբ՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին կից Միմար Սինանի մինարեթին (Մահմեդական մզկիթներին կից աշտարակ) պատկանող ալեմը (աստղ-լուսնի և կամ կակաչի ձևով երկաթե գմբեթ – խմբ.) ընկել է տաճարի բակ։ Նշվում է, որ քամու թուլացումից հետո համապատասխան մասնագիտական խմբերն արդեն իսկ ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ծառերն ընկել են նաև ավտոմեքենաների վրա, որոշ հատվածներում փակվել են ճանապարհներ, արձանագրվել են նաև տրանսպորտային պատահարներ։ Հայտնի է առնվազն 1 թեթև վիրավորի մասին։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգուշավորություն:

ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է մի կնոջ Մինեապոլիսում (Մինեսոթայի նահանգ), որը, ինչպես հավաստիացնում են ամերիկյան իշխանությունները, փորձել է մեքենան քշել աշխատակցի վրա, տեղեկացրել է BBC-ն։ Ինչպես գրել է պարբերականը, ներգաղթի ոստիկանությունը զոհի արարքը որակել է «ներքին ահաբեկչության» գործողություն, իսկ պարեկի արձագանքը՝ ինքնապաշտպանություն։ CBS հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածը ԱՄՆ քաղաքացի, 37-ամյա բանաստեղծուհի Ռենե Նիկոլ Գուդն է, որը բնակվում է Մինեապոլիսում։ Գուդի մահը բողոքի ցույցեր առաջացրեց ամբողջ երկրում, շատ ցուցարարներ պաստառներ էին պահում «Արդարադատություն Ռենեի համար» գրությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունների դեմ իրականացվող բողոքի ցույցի ժամանակ, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։ «ICE աշխատակիցը, զգուշանալով իր կյանքի, իրավապահ մարմինների իր գործընկերների կյանքի եւ բնակչության անվտանգության համար, կրակել է ինքնապաշտպանության նպատակով»,- հայտնել է ներքին անվտանգության նախարարությունը, որը ղեկավարում է ICE-ն։ BBC-ն գրել է, որ տեսանյութը, որը նկարահանվել է անցորդի կողմից, ցույց չի տալիս բախումը։ Ներգաղթի ծառայության աշխատակիցները մոտենում են մեքենային, դուրս են գալիս և հրամայում են ամենագնացը վարող կնոջը դուրս գալ։ Գործակալներից մեկը քաշում է վարորդի կողմի դռան բռնակը։ Մեկ այլ գործակալ կանգնած է մեքենայի մոտ, ավելի մոտ թափքին։ Գործակալը կրակում է, երբ ամենագնացը փորձում է հեռանալ։ Հնչում է երկու կամ երեք կրակոց, և երևում է, թե ինչպես է մեքենան կորցնում վերահսկողությունը և բախվում փողոցում կայանված մոտակա մեքենային։

Թեհրանում ցուցարարներն այրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շենքը, հայտնում են իրանական տելեգրամյան ալիքները: Երեկ Իրանի Ֆարդիս քաղաքում բախումներ են տեղի ունեցել բողոքի ցուցարարների և ԻՀՊԿ ուժերի ու անվտանգության ուժերի միջամտության ժամանակ։ Կան զոհեր և վիրավորներ։ Tasnim-ի տվյալներով՝ ցուցարարները ծեծելով սպանել են ԻՀՊԿ-ի սպային: Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ սպառնացել է Իրանի իշխանություններին՝ հայտարարելով, որ եթե «նրանք սպանեն ցուցարարներին, ապա ծանր հարված կստանան և դժոխքով կհատուցեն»։ NetBlocks-ի պնդմամբ` Իրանում ինտերնետը սահմանափակված է։ Այս պահին իրանական պետական կայքեր մուտք գործել չի ստացվում։ Ավստրալիայի և Հնդկաստանի դեսպանատներն իրենց քաղաքացիներին կոչ են արել չմեկնել Իրան։

Մանրամասները՝ տեսանյութում: