Վերջին մի քանի օրերին իշխանությունների կողմից ապամոնտաժվում են քաղաքում Սամվել Կարապետյանի աջակիցների կողմից փակցված բոլոր պաստառները՝ նրա նկարներով։ Այս գործընթացից անմասն չի մնացել նաև Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնը։
Շատերի կարծիքով՝ սա քաղաքական հետապնդման դրսևորում է։
Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ իշխանությունների կողմից պաստառների հեռացումը, Oragir.News-ը կապ հաստատեց փաստաբան Սոս Հակոբյանի հետ, որը նշեց, որ կապ չունի՝ ինչ շարժառիթներից ելնելով են Կարապետյանի աջակիցները փակցնում պաստառները, քանի որ դա այդ մարդկանց ներքին աշխարհն է։
«Ես կարծում եմ՝ հարցը մաքուր քաղաքական է։ Առհասարակ, անգամ ապօրինի շինարարության դեպքում, երբ կատարվում է մասնավոր տարածքում, շատ խնդրահարույց է, առանց շինթույլտվության՝ կառույցը քանդելը։ Դրա համար տուգանելն օրինաչափ է, նմանատիպ միջոցներ կիրառվում են։ Բայց քանդելն արդեն խնդիր է, որովհետև դա մասնավոր տարածք է։ Այսինքն՝ այդտեղ մուտք գործելը առանց մասնավորի կամ դատարանի թույլտվության ուղղակի չի կարելի։ Դա արգելվում է Հայաստանում և ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Ավելին՝ այստեղ ես ուշադրություն եմ դարձրել, որ շատ լավ նշում էին ակցիայի կազմակերպողները, որ սա գովազդ չէ։ Այսինքն՝ դա ինչ-որ խանութի, բրենդի, ապրանքանիշի գովազդ չէ, որ գովազդի մասին օրենքին համապատասխանի կամ չհամապատասխանի։ Դա ակցիա է։ Անունը կլինի՝ հասարակականմ թե քաղաքական, բայց մեծ հաշվով՝ քաղաքական իրավունքների, սահմանադրական իրավունքների իրականացման ակցիա է այն մարդկանց կողմից, ովքեր գործում են տվյալ գործարարի ղեկավարման տակ կամ աշխատում են այնտեղ, որտեղ տվյալ գործարար ներդրում է արել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է իշխանության կողմից կատարվող օրենքի հղումներին, ապա փաստաբանը նշեց, որ դա ընդհանրապես կապ չունի, քանի որ հղում է կատարվում «Գովազդի մասին» օրենքին, որը վերաբերում է կոնկրետ ապրանքանիշի, որևէ ապրանքի վաճառքի նպատակով գովազդին։ Այսինքն՝ եթե որևէ կերպ Սամվել Կարապետյանի դիմապատկերը օգտագործվեր այդ նպատակով՝ դա կլիներ այլ հարց։
«Մի քիչ դժվար է, իհարկե, պատկերացնելը, բայց եթե օգտագործվեր գովազդի նպատակով, ու այդ ապրանքանիշը, կոպիտ ասած, գովազդային մեսիջ լիներ, որ օրինակ՝ սա այնքան լավ կոստյում է, որ անգամ Սամվել Կարապետյանն է կրում, դա կլիներ գովազդ, և դա պետք է համապատասխաներ գովազդի մասին օրենսդրությանը։ Բայց տվյալ դեպքում մարդիկ՝ տվյալ անձինք, ասում են դուք ապօրինի եք կալանավորել, ձերբակալել, սա քաղաքական հետապնդում է։ Դրա մեսիջը ես այդպես եմ ընկալում։ Սա քաղաքական իրավունքների տեսանկյունից իրականացվող ակցիա է։ Քաղաքական իրավունքների տեսանկյունից իրականացվող ակցիան չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ։ Ցանկացած հասարակական հնչեղության գործողությունների իրականացումը սահմանադրական իմաստով քաղաքական իրավունքների իրացում է։
Սեփականատիրոջ տարածք՝ առանց դատարանի սանկցիայի, եթե այդ պահին չի կանխվում հենց այդ պահին գործողության մեջ գտնվող որևէ հանցագործություն, որևէ մեկը չի կարող մուտք գործել։ Չի կարող ոստիկանը ուղղակի որոշել մտնել այդ տարածք, եթե թույլտվություն առկա չէ, և ինչ-որ բան ապամոնտաժել։ Չեմ ասում, որ այդ ամբողջ նյութերը նույնպես՝ այդ սեփականատիրոջը պատկանող գույք են։ Ու ակնհայտ է դեպքերի զարգացումը, որ դա պատահական չէ։ Այսինքն՝ ոստիկանությունը երբեք Հայաստանում ընկած ինչ-որ պաստառներ հանել-կցելով չի զբաղվում։ Տվյալ դեպքում զբաղվում են, որովհետև կա իշխանության հրահանգ՝ քաղաքական իմաստով ճնշելու ցանկացած երևույթ»,- եզրափակեց փաստաբանը։