Տոներից երկուսը մսխված են, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան
copy image url

Տոներից երկուսը մսխված են, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Ներքին 3 շաբաթ առաջ - 10:00 09-05-2025
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք: Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:

Փա՛ռք մեր հերոսներին:

Ամենից շատ դիտված

20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
18:52 Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան
17:02 ԵՊՀ-ն մաթեմատիկայից թույլ է. 10 օրից ավելի է` հաշվարկ են անում
22:30 Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում