Ալավերդու Թուրքմենական թաղամասի շենքերից մեկը, որը երբեւէ փոստային հասցե ու բնակիչ չի ունեցել, տարիներ շարունակ թաղամասի բնակիչներից մեկի համար ծառայել է որպես խոզաբուն: Երկար տարիների այստեղ ե՛ւ ձիեր են պահվել ,ե՛ւ խոշոր եղջերավոր անասուններ: Հարեւան շենքի բնակիչները տարիներ շարունակ հանդուրժել են գարշահոտությունն ու տարածքի հակասանիտարական վիճակը, հետո՝ բողոքել, որի արդյունքում շենքում հիմա անասուններ չեն պահվում:
Թուրքմենական թաղամասը կառուցվել է 88-ի երկարաշարժից հետո՝ անօթեւան մնացած մարդկանց համար: Սակայն թաղամասը բնակեցվել է կիսով չափ, իսկ շենքերից մեկն այդպես էլ շահագործման չի հանձնվել:
Դեռ տարիներ առաջ Ալավերդու քաղաքապետարանը շենքի շինարարությունն ավարտելու եւ որպես սոցիալական ծրագիր բնակարանները հատկացնելու ծրագիր էր մշակում, որը սակայն չիրականացվեց: Հիմա, երբ բնակարանների շուկայական գներն օր-օրի թանկանում են նաեւ Ալավերդիում, այն կարող է լուծել մի քանի սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքի բնակապահովման խնդիրը: Մինչ այդ, սակայն, առաջնային է վերականգնել շենքի տանիքը՝ այն փրկելու համար, ասում են թաղամասի բնակիչները: Այս ու մյուս ՝ չվերանորոգված շենքերի տանիքներին արդեն ծառեր են աճել: