Հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ է․ տրանսպորտում չվճարողները կտուգանվեն 15-18 հազար դրամով
copy image url

Հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ է․ տրանսպորտում չվճարողները կտուգանվեն 15-18 հազար դրամով

Ներքին 3 ամիս առաջ - 14:30 14-03-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թեպետ իշխանության գալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բոլորիս վստահեցնում էին, որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, այնուամենայնիվ նախորդ 7 տարիներին հակառակում համոզվեցինք։

Այսօր արդեն երբեմնի հեղափոխական իշխախանությունների թիրխում այն քաղաքացիներն են, ովքեր բոյկոտում են Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի անհիմն թանկացումը՝ վճարելով 100 դրամ կամ առհասարակ չվճարելով։ Իրավական ակտերի նախագծերի hրապարակման միասնական կայքում e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։

Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Նախագծի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15․000 դրամի չափով: Եթե քաղաքացիները հնարամիտ գտնվեն և օրինակ երթևեկեն արտոնություն ունեցող անձի փոխարեն, ապա միևնույնն է կրկին կտուգանվեն, բայց արդեն 18․000 հազար դրամով։

Տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար:

Հսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու են դիմել և ստանալ ոստիկանության աջակցությունը՝ նույնացման գործընթացին խոչընդոտող ուղևորների նույնացում կատարելու, ինչպես նաև՝ տեղական վճարը չվճարած կամ ուղևորության կանոնները այլ կերպ խախտող անձանց հետագա երթևեկությունը դադարեցնելու համար:

Հատկանշական է, որ քաղաքային իշխանությունները տևական ժամանակ վստահեցնում էին, որ հանրությունը աջակցում է իրենց տրանսպորտային բարեփոխումներին, իսկ բոյկտողները փոքրամասնություն են կազմում։ Ներկայացված օրենքների փաթեթը առնվազն հակառակի մասին է վկայում, ինչն էլ իշխանություններին հարկադրում է կոշտ քայլերի գնալ, սակայն կարծում ենք՝ ներկայիս իրողությունների ֆոնին դա հակառակ ազդեցությունն է ունենալու՝ նոր թափ հաղորդելով բոյկոտին։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ հպարտ քաղաքացին գործող իշխանությունների համար տուգանքի մատերիալ է, ով փաստացի իրավունք չունի օգտվել բոյկոտելու իր սահմանադրական իրավունքից։

Հավելենք նաև, որ հիշյալ նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
10:57 Արդշինբանկ, էս ուրիշի վարկերը ինձ մի ուղարկեք․ ազգայնականացնելու են ձեզ, վերջը
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից