Oբսեսիվ (լատ. obsessio - մոլուցք) խանգարում ունեցողի մոտ պարզ գիտակցության պայմաններում առաջանում են մտքեր, պատկերացումներ, հիշողություններ, վախեր և այլն, որոնք անընդհատ կրկնվում են, տանջում հիվանդին։ Ամեն տեղ, ամենատարբեր իրավիճակներում մարդը նույն բանի մասին է խոսում։ Օրինակ՝ եթե մարդն ատում է նախկին օլիգարխներին, և նրա մոտ սկսվել է հոգեկան խանգարում, ապա նա ամեն վատ բան կապում է նրանց հետ, նույնիսկ՝ ամպամած եղանակը։
Մարտի 9-ին՝ կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամները, մեծ ու փոքր պաշտոնյաները, բոլոր ՔՊ-ականները միասին հավաքվել էին Գյումրիում։ Սպասվում էր, որ կքննարկվեին Գյումրիի ընտրություններին մասնակցող ՔՊ-ի նախընտրական ծրագիրն ու մարտավարությունը, թե ինչպես են կազմակերելու ընտրապայքարը, ինչ լավ-լավ, մեծ-մեծ ծրագրեր են իրականացնելու, եթե ինչ-որ կերպ կարողանան հաղթել իրական ժողովրդականություն ունեցող մրցակիցներին։ Այս հարցում հիմնարար ելույթն ակնկալվում էր ՔՊ առաջնորդից։ Նա ուղենիշ պիտի նախանշեր, ուրվագծեր ռազմավարությունը։ Սակայն, ի զարմանս ժողովրդի, խոսեց բոլորովին այլ բանի մասին։
30 րոպեանոց ելույթի առաջին 3 րոպեում նա տեղեկացրեց, որ այդտեղ հավաքվել են, որ քննարկեն ՔՊ ծրագիրը և գնահատեն դրամահավաքի ընթացքը։ Բայց ելույթի ժամանակի մեծ մասը նվիրված էր այլ թեմայի՝ նախկինների օրոք ապօրինի սեփականաշնորհված գույքը բռնագրավելու թեմային։ Եթե առաջին 3 րոպեում նա խոսում էր հանդարտ, ապա թալանի թեմային հասնելով, միանգամից պայծառացավ։ Ի՞նչ կապ ունեն թալանը, թալանի դեմ պայքարը Գյումրիի ավագանու, քաղաքապետի առաջիկա անելիքների հետ։ Գյումրեցին մարտի 30-ին ավագանի ու քաղաքապե՞տ է ընտրելու, թե՞ դատավոր ու դատախազ։
Առաջին հայացքից՝ թեմաների այսպիսի շփոթը օբսեսիվ խանգարման պատկեր է հիշեցնում։ Բոլորը գիտեն, որ ապօրինի սեփականաշնորհման, անհիմն հարստացման, ժողովրդի լեզվով ասած՝ թալանի ու թալանչիների դեմ պայքարը իրավապահ մարմինների, դատական իշխանության գործառույթններն են։ Նրանք ի պաշտոնե պարտավոր են հայտնաբերել օրինախախտին և պատասխանատվության ենթարկել, արդարադատություն իրականացնել։ Ավագանին, քաղաքապետն այլ գործառույթներ ունեն։ Նրանք քաղաքի շրջանակում քաղաքականություն են որոշում։ Խնդիրները վերաբերում են՝ քաղաքի կառավարմանը, մաքրությանը, բարեկարգմանը, ներդրումներ ներգրավելուն, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, քաղաքային ենթակառուցվածքերի զարգացմանը, աշխատատեղեր բացելուն, ընդհանուր բարեկեցության աճին, քաղաքի կոլորիտը պահպանելուն, բարի ավանդույթներ արմատավորելուն, ներքին խաղաղություն ապահովելուն և այլն։
Եթե թալանի դեմ պայքարը Փաշինյանի մոտ օբսեսիվ խանգարման ախտանիշ չէ, ապա թալանը վերադարձնելու թեման, ենթադրաբար, բարձրացվում է որպես ընտրությունների շրջանում մրցակիցներին վախեցնելու, ճնշելու և ընտրապայքարից դուրս մղելու գործիք։ «Նրանք, ովքեր արդեն «ինքնահայտարարագրվել» են՝ Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին», ասել է ՔՊ առաջնորդը, ՔՊ-ից բացի՝ ընտրություններին հայտ ներկայացրած մյուս բոլոր թեկնածուներին համարելով գող ու թալանչի։ Սա մրցակիցներին ուղղված սպառնալիք չէ՞, որ եթե վերջիններս լուրջ պայքարեն, ապա բոլորին կհետապնդեն, կխլեն գույքերը, փողերը և այլն։ Իսկ եթե ՔՊ-ն պարտվի նախորդ անգամվա պես, ապա ընտրված քաղաքապետին այնքան կհալածեն, որ հրաժարական կտա ու արտահերթ կլինի, և այսպես շարունակ։
Կարճ ասած՝ եթե հոգեբույժներն ապացուցեն, որ Փաշինյանի կողմից թալանի թեման Գյումրու ավագանու նախընտրական շրջանում բարձրացնելը, մրցակիցներին գող, թալանչի որակելը հոգեկան խանգարման հայտանիշ չէ, ապա դիտորդները կարող են արձանագրել, որ ՔՊ-ական իշխանությունը սպառնում է հետապնդել, ունեզրկել մրցակիցներին։ Սա հակաժողովրդավարական երևույթ է, նույնքան վտանգավոր, քան բացահայտված ու ենթադրյալ ընտրակեղծիքներն ու թալանը միասին վերցրած։ Այսպիսի անցանկալի երևույթը կանխելու համար թեկնածուները կարող են դիմել դատախազություն, ահազանգելով իրենց նկատմամբ սպառնալիքի մասին։ Սա թերևս կսանձի ՔՊ-ական իշխանություններին, զերծ կպահի հակաիրավական նոր քայլերից, որ ժողովրդավարության ջատագով պետությունները, միջազգային կառույցները ՔՊ-ի առաջնորդից երես չթեքեն, ու չստեղծվեն անվտանգային ռիսկեր։
Թաթուլ Մկրտչյան