ԵԽ-ն կքննարկի հայ պատանդների հարցը, Ռուբեն Վարդանյանի կեղծ դատը,«սիգնալ տալը» կարգելվի․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:45 11-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Եվրոպական խորհրդարանը վաղը կայանալիք լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդերի հարցը։ Հաղորդվում է, որ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները» խորագրով քննարկումները տեղի կունենան վաղը, իսկ հրատապ բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչները, և Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատրաստվում է դիմել Շվեյցարիայի կառավարությանը՝ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցով: Հայտարարությունը, որ այսօր տարածվել է Արցախի օրենսդիրների անունից, նախորդում է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում հաջորդ շաբաթ սպասվող քննարկումներին: Օրակարգում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովման հարցերը: Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները նախ ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձև ընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի դիմի: Հիշեցնենք՝ արցախցիների անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու հարցով Շվեյցարիայի Ազգային խորհուրդը դեռ դեկտեմբերին է բանաձև ընդունել և դիմել իր երկրի կառավարությանը։

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է նաև Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր ցուցմունք է տվել «Ղարաբաղում բնակվող վկան», ով պատմել է, որ իբր «Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ «Չգիտեմ՝ նա Ռուսաստանից էր եկել, թե մեկ այլ տեղից»,- ասել է ենթադրյալ վկան։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ: Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: Նրա գործը քննվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400․000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ «Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՆԳՆ-ից հորդորելով անտեսել կասկածելի հաղորդագրությունները և զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ