Շատ ամոթալի է՝ «ձեզ ո՞վ է բերել իշխանության» հարցը։ Սա նշանակում է, որ երկիրը ժողովրդավարական չէ։ Այսպիսով՝ արժեզրկվում են ընտրությունները։ Ակնարկվում է, թե իշխանությունը «բերվում է», ոչ թե ընտրվում։ Իսկ ընտրություններն ընդամենը ֆիկցիա են, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։ Սա ապապետական և հակաժողովրդավարական խոսույթ է։
Ընդդիմադիրների այս հարցին մարտի 10-ին հակադարձել է Նիկոլ Փաշինյանը, ավելի հեռու գնալով։ Ենթադրաբար՝ նախկիններին դիմելով, նա գրել է՝ «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. Որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես: Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն՝ իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին և հնազանդ կատարի այդ հրահանգը»։ Այս տողերում Փաշինյանը սարսափելի ակնարկ է անում, թե ՀՀ-ն անկախ չէ, ֆորմալ պետություն է, որտեղ որպես կանոն՝ իշխանությունները դրածո են, ենթադրաբար նաև՝ ինքը՝ Փաշինյանը։
Ինչո՞ւ Փաշինյանն այս մասին չէր խոսում 2018-2022-ին։ Ինչո՞ւ է հիշում նախընտրական տարում։ Եվ ի՞նչ կլինի, եթե նախկինները զրպարտության հայց ներկայացնեն Փաշինյանի այս գրառման հետ կապված։
2018-ի «Թավշյա հեղափոխության» ժամանակ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայտարարում էին, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվելու։ Այսինքն՝ եթե մինչ 2018-ը ՀՀ-ն, ինչպես գրում է Փաշինյանը՝ ֆորմալ պետություն էր, որը գնում էր չգոյության, ապա ՔՊ-ն այս ընթացքը «դե յուրե» չի փոխել։ «Էն, ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերահաստատելով, որ չբարեկամների պլանը դեռ ուժի մեջ է, իսկ ՔՊ-ն, իբր՝ փորձում է չեղարկել այդ պլանը։
Եթե այս պլանն իրապես չեղարկելու փորձ է արվում, ապա իրավապահները Փաշինյանի այս տողերը պիտի ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին, պարզեն, թե ովքեր են գործել անկախության դեմ։ Իսկ եթե իրավապահները ոչինչ չանեն, կնշանակի՝ ՔՊ-ն նույնպես գործում է անկախության դեմ, ինչպես «ընտրակեղծարար-ուզուրպատորները»։
Որոշ քաղաքական գործիչներ կարծում են, թե այս առումով՝ պետք չէ ոչինչ անել, մեր կեղտոտ լվացքը փռել արևին, ցույց տալ աշխարհին։ Սակայն մեր երբեմնի բախտակից ժողովուրդների փորձը ցույց է տալիս, որ կեղտոտ լվացքը լվանալուց ու պարզաջրելուց հետո է ներքին խաղաղություն հաստատվում, չեզոքացվում անկախության դեմ հնարավոր ռիսկերը։ Հետևապես՝ եթե քաղաքական համայնքն ուզում է, որ 2026-ի ԱԺ ընտրությունները չկեղծվեն օրվա իշխանությունների և «իշխանության բերողների» կողմից, ապա պարզաջրումը պետք է սկսվի այսօր։
Այս հնարավոր հեռանկարը հաշվի առնելով, նախկին իշխանությունները կարող են ոչ միայն հակադարձել Փաշինյանին նման մեղադրանքներով, այլև նրա դեմ հայց ներկայացնել վերը նշված գրառման հետ կապված, փորձելով ապացուցել, որ նրա ակնարկած մեղադրանքներն անհիմն են ու կեղծ, ՀՀ-ն իրոք անկախ է 1991-ից, նախկիններն «ընտրակեղծարար-ուզուրպատոր» չեն, չեն գործել անկախության դեմ, այդպիսի մտադրություն չեն ունեցել և չունեն։
Պարզ ասած՝ առաջիկայում ժողովուրդը, հավանաբար, կիմանա, թե որտեղ է ապրում՝ 1991-ից անկախացած Հայաստանո՞ւմ, թե՞ ֆորմալ պետությունում, ազգային շահերո՞վ են առաջնորդվում իշխանությունները, թե՞ սպասարկում ապապետական, օտար շահեր։ Իսկ քաղաքական համայնքի մաքրումից ու պարզաջրումից հետո արտաքին ուժերը չեն չկարողանա միջամտել ընտրությունների ընթացքի, ազդել ընտրությունների արդյունքների, իշխանության ձևավորման վրա, ու քաղաքական խոսույթից կվերանա՝ «ձեզ ո՞վ է բերել իշխանության» ամոթալի հարցը։
Թաթուլ Մկրտչյան