Ներքին 6 ամիս առաջ - 20:41 30-12-2025

Սա Իրական Հայաստանն է․ Փաշինյանը քաղաքացիների խմբի հետ այցելել է Կիրանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիներից բաղկացած խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Քաղաքացիներին նախ ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները, եղել են պաշտպանական ինժեներական կառույցներում։ Այնուհետև նրանք այցելել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման Կառավարության պատկերացումը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է․ «Ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու մեր իրավունքն աշխարհում ոչ մեկը չի վիճարկում: Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր, թե՞ ավելի վտանգավոր էր։ Իհարկե, ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության 16 միլիոնի ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում», - շեշետել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մարդիկ տեսնում և զգում են, որ այս միջավայրն անվտանգ է, խաղաղությունն իրական է։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ սա շատ կարևոր, էական նրբություն է հասկանալու համար, այսպես կոչված՝ «էլիտաների խոսույթը» և հողի վրա ապրող մարդկանց, որոնք ապրում են իրենց կյանքով․ «Հիմա կռահումների կարիք չկա, սա իրականություն է և սա Իրական Հայաստանն է։ Դա էլ է կարևոր՝ ինչո՞ւ ենք գալիս Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք, Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է»:

Հաջորդիվ խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան