Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:15 27-12-2025

Կգա ոգու սով. «Շողակաթը» փակելու դեմ ցույցեր չեն կազմակերպվո՞ւմ

Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի։ Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում որոշել է 2026-ի հունվարի 1-ից դադարեցնել «Շողակաթի» հեռարձակումը։ ՔՊ-ական պատգամավորների հեղինակած օրենքով «Շողակաթը» դուրս էր թողնվում հանրային հեռարձակողների շարքից:

Ինչո՞ւ է ՔՊ-ն փակում «Շողակաթն» ու ինչո՞ւ դրա դեմ հանրային բողոքի ցույցեր չեն կազմակերպվում։

Տարիներ առաջ, երբ փակվեց «Ա1+»-ը, մեծ հանրահավաքներ, բողոքի ցույցեր, երթեր կազմակերպվեցին։ Դրանց մասնակցում էր ընդդիմադիր գրեթե ողջ սպեկտը։ Բանախոսները քննադատում էին իշխանություններին, «Ա1+»-ը փակելը համարում էին գրաքննություն, ազատ խոսքի դեմ գրոհ, մամուլի ազատության դեմ արշավ, քաղաքակրթական հետընթաց և այլն։ Ճիշտ է, բողոքի զանգվածային ցույցերն արդյունք չտվեցին, իշխանությունները չվերանայեցին իրենց որոշումը, սակայն ժողովուրդը, քաղաքական համայնքը ցույց տվեցին, որ դեմ են այդ որոշմանը, ժողովրդավարության, ազատ խոսքի, մամուլի ազատության պաշտպանության դիրքերում են։ Այս ցույցերը հույս էին ներշնչում, որ քաղաքական իրականությանը համարժեք արձագանքող, ժողովրդավարության արժեքներով առաջնորդվող հանրություն կա, ու երկիրը չի ավերվի Սոդոմի նման։

Հիմա առերևույթ նույն պատկերն է։ Իշխանությունները փակում են «Շողակաթը»։ Այս ալիքը դիտում են շատերը, այն ժողովրդականություն է վայելում։ Այս ալիքով հոգևոր զրույցներ են մատուցվում։ Սա է պատճառը, որ հավատացյալների մեծ մասը սիրով և ուշադրությամբ դիտում է դրանք։ Ալիքը ճանաչողական հաղորդումներ, մշակույթի, գիտության մասին հարցազրույցներ ունի, որոնք նույնպես լսարան ունեն։ Այս ալիքում ֆիլմերը թարգմանվում են հայերեն ու մարդիկ հնարավորություն ունեն սիրված ֆիլմերը վայելել մայրենիով։ Ալիքն ունի երեխաների համար հաղորդումներ, որոնք նույնպես լսարան ունեն։ ՔՊ-ն խլում է ժողովրդից այս ամենը, բայց հանրային բողոքի ձայներ, կարծես, չեն լսվում, ցույցեր, երթեր, հանրահավաքներ չկան։

Սա նշանակում է, որ ժողովուրդը դեգրադացվել է, համարժեք չի արձագանքում քաղաքական իրականությանը։ Ընդդիմադիր ուժերը, հավանաբար, նույնպես փոխվել են։ Տպավորություն է, թե նրանք խոսքի մամուլի ազատության, ժողովրդավարության պաշտպանության դիրքերում չեն, ինչպես «Ա1+»-ի փակման օրերին։

«Շողակաթը» փակելը նաև կոնկրետ քաղաքական թիրախ ունի և եկեղեցու դեմ արշավի տրամաբանության շարքում է։ Բարձրաստիճան հոգևորականների հալածանքներից, վեհարանի վրա գրոհից հետո տրամաբանական է ՔՊ-ի ոտնձգությունը «Շողակաթի» վրա։ Եթե ՔՊ-ն եկեղեցու նորոգման ջատագով լիներ, ապա «Շողակաթը չէր փակի, այլ կզիներ նոր տեխնիկայով, կբարձրացներ որակը, հետաքրքիր հաղորդումներ կավելացներ տեսացանկին, կմեծացներ լսարանը։ Այս առումով՝ «Շողակաթը» փակելը ուղղակի ապացուցում է, որ ՔՊ-ի արշավն ուղղված է եկեղեցու, հավատացյալների դեմ։ Հավատացյալ ժողովուրդը դեկտեմբերի 18-ին կազմակերպված պաշտանեց վեհարանը։ Ենթադրելի է, որ նույն ժողովուրդը բողոքի ձայն կբարձրացնի նաև «Շողակաթի» փակման դեմ։

«Շողակաթը» քրիստոնեության քարոզչություն էր կազմակերպում։ Ուստի՝ կարելի է ասել, որ դրա փակումը քրիստոնեության դեմ է։ Եթե «Ա1+»-ը փակելու դեմ ցույցերին սատարում էր ժողովրդավարական աշխարհը, ապա «Շողակաթի» փակման դեմ ցույցերին տրամաբանորեն՝ կարող է աջակցել քրիստոնեա աշխարհը։ Այսինքն՝ արտաքին աջակցություն ևս հնարավոր է ապահովել։

Կարճ ասած՝ «Շողակաթն» առավելապես ուղղված էր հոգևոր պահանջների բավարարմանն, ուստի՝ դրա փակմամբ կգա ոգու սով։ Այս ռեալ վտանգը գուցե կսթափեցնի մարդկանց։ Ու հոգևոր կրթության, դաստիարակության նվիրյալները, արժեքների և առաքինության քարոզիչները «Շողակաթի» փակվելուց հետո գուցե կգտնեն կարևոր խոսքն ու հետաքրքիր հաղորդումները հանրությանը հասցնելու այլ ուղիներ ու միջոցներ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից