Ներքին 7 ամիս առաջ - 20:43 25-12-2025

Կոչ ենք անում վերականգնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ ԱԺ-ում աշխատելու իրավունքը. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը․

«Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում (ԱԺ) իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը մոտեցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան ձեռքբերման աղմկահարույց դրվագի վերաբերյալ, որը նա ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է Hetq.am-ի մեր գործընկերների կողմից:

Կոնջորյանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն՝ անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրումից և արգելել նրանց մուտքն Ազգային ժողով՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել հարցազրույցի մասին, և իբրև թե լրագրողները սահմանված վայրում չեն գտնվել: Մինչդեռ, ինչպես լրագրողներն են պնդում, Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն ասել են՝ հատվածը, ուր գտնվել են իրենք, թույլատրելի է:

Արդյունքում՝ 2025թ. դեկտեմբերի 17-ին լրագրող Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու, ապա 2 օր անց Սոնա Գրիգորյանն ապօրինաբար զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող, և դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:

Լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․ դեկտեմբերի 18-ին հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու, իսկ դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրումից զրկվել է նույն արարքի համար։ Քնարիկ Մանուկյանը ևս 1 տարի ապօրինաբար զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրավունքը:

Հիշեցնենք, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը դեռ տարիներ առաջ՝ 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ օգոստոս ամսին, գոտիավորեց ԱԺ տարածքը՝ սահմանափակելով լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքի համար խնդիրներ ստեղծելով: Դա այդ ժամանակ արժանացավ Մարդու իրավունքների այդ ժամանակվա պաշտպանի կոշտ հակազդեցությանն ու խստիվ դատապարտմանը: Հենց «կարգավորումներն» են այժմ իշխանությունները որպես մահակ օգտագործում լրագրողների դեմ:

Նկատենք նաև, որ նույն կերպ, տառացիորեն նույն սցենարով՝ երկու անգամ իրար հետևից նկատողություն տալով, ԱԺ հավատարմագրումից զրկվեց լրագրող Վահե Մակարյանը և հիմա իր խախտված իրավունքները փորձում է վերականգնել դատական կարգով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու, լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու, երկրի գլխավոր օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորությունից օգտվելու անհնարինության՝ ՀՀ իշխանությունների գործելակերպը:

Լրագրողը չպետք է զրկված լինի իր լրագրողական գործունեությունն իրացնելու հնարավորությունից լոկ այն պատճառով, որ նրա տված հարցը դուր չի եկել պատգամավորին, անգամ, եթե այդ պատգամավորն իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ԱԺ պատասխանատու, որոշումներ կայացնելու իրավազորություն ունեցող անձանց կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ, վերականգնել լրագրողներ Քնար Մանուկյանի ու Սոնա Գրիգորյանի՝ ԱԺ տարածքում աշխատելու իրավունքը, արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից

Ձեզ գուցե հետաքրքրի