Ամանորը սեղանները առատորեն լցնելու մրցավազք է։ Ուտելու ազգային մրցավազքը դատարկում է մարդկանց գրպանները։ Ոմանք ծախսում են ավելին, քան ունեն ու տոներից հետո ֆինանսական խնդիրներ ունենում։ Սննդամթերք արտադրողներն ու խանութները, սակայն, համարժեք չեն վերաբերվում այս իրականությանը։ Եթե տնտեսվարողներն առաջնորդվեն ազատ շուկայական հարաբերությունների օրենքներով ու տրամաբանությամբ, ապա սննդամթերքի գներն Ամանորի նախօրեին պիտի իջնեն։ Մեզ մոտ դրանք բարձրանում են։ Ու աղքատ ընտանիքները պարզապես չեն կարողանում առատ տոնական սեղաններ բացել, քանի որ սննդամթերքի գները տոների նախօրեին չեն իջնում:
Եվրամիության գործընթաց սկսած Հայաստանում աղքատություն դեռ շատ մեծ տոկոս է կազմում։ Այնինչ՝ ԵՄ անդամակցելու պահանջներից մեկը աղքատության ցածր մակարդակն է։ Ամանորին Հայաստանում աղքատները նույնպես ուզում են ճոխ սեղաններ բացել Նոր Տարին դիմավորելու համար, սակայն նրանցից շատերը չեն կարողանում։ Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ եթե սննդի գները տոնի նախօրեին իջնեին, ապա աղքատները ևս լիարժեք կերպով կտոնեին։ Եվ տոնական օրերին սոցիալական լարվածություն չէչ նկատվի։ Աղքատները չէին ատի ՔՊ-ականներին, ՔՊ-ն էլ առանձնապես չէր ատի աղքատներին, սովածներին։
Այս խնդրին բոլորովին այլ հայացքով են նայում հարևան, բախտակից երկրում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել խորհրդարանին և իրավապահ մարմիններին ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել երկրի սպառողական ցանցում գների իջեցման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով հակամենաշնորհային մեխանիզմներ։ «Վրաստանում առանձին մանրածախ ցանցերի զուտ շահույթը կազմում է մինչև 14%, մինչդեռ Եվրոպայում այն միջինը 2% է»,- ասել է Կոբախիձեն սպառողական գների վերաբերյալ հատուկ տեսաուղերձում և հավելել,- «Եթե համեմատենք Վրաստանում և Ֆրանսիայում նույն միջազգային ապրանքանիշի խանութների գները, ապա Վրաստանում կոնկրետ ապրանքանիշի արևածաղկի ձեթը 34%- ով թանկ է, մակարոնեղենը՝ 97%-ով, բրինձը՝ 180%-ով, կարագը՝ 30%-ով, պանիրը՝ 42%-ով, իսկ շոկոլադը՝ 47%-ով»։
Այսպիսով՝ Եվրոպայում աղքատության դեմ պայքարում ցածր տոկոսները պայմանավորված են ոչ միայն մարդկանց բարձր եկամուտներով ու թոշակներով, այլև սննդամթերքի ցածր գներով։ Հայաստանում ևս սննդամթերքի գները շատ բարձր են քան եվրոպական երկրներում։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Հայաստանը համապատասխանի եվրոպական չափանիշներին, նվազի աղքատութան մակարդակը, ապա ինչո՞ւ օրինակ չեն վերցնում Վրաստանից, չեն մտածում սննդամթերքի գներն իջեցնելու մասին։ Ինչո՞ւ գոնե տոնական օրերին չեն իջեցնում սննդամթերքի գները։
Սննդամթերքի գներն իջեցնելու և դրանք եվրոպական գներին համապատասխանեցնելու խնդրին ՔՊ-ական իշխանության անտարբերությունը վկայում է այն մասին, որ նրանց իրականում չի հետաքրքրում աղքատության տոկոսի նվազումը, չի հետաքրքրում նաև Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, եվրոպական չափանիշներին հասնելը։ Այնինչ՝ սննդամթերքի գների իջեցումը ոչ միայն կապացուցեր, որ Փաշինյանը չի ստում, ասելով, թե ձգտում են եվրոպական չափանիշներին, այլև էապես կբարձրացներ նրա վարկանիշը։
Այս հարցում Փաշինյանի պասիվությունը վկայում է նաև, որ նա անկախ չէ իր որոշումներում։ ՀՀ տնտեսությունը ֆորպոստի վարչապետի ջանքերով մեծապես կախվել է Ռուսաստանից, և տրամաբանական է, որ սննդամթերքի գները բարձր են այս կախվածությամբ պայմանավորված։ Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանն այս հարցում ավելի անկախ է և կարողանում է օրակարգ բերել գների իջեցման հարցը։ Հետևաբար՝ Հայաստանում սննդի գները ևս կիջնեն, եթե իշխանությունը կանգնի անկախության և ժողովրդավարության դիրքերում։
Պարզ ասած՝ եթե ժողովուրդն ուզում է, որ ՀՀ-ում ևս սննդի գներն իջնեն ու համապատասխանեն եվրոպական գներին, ապա այդ հույսերը չի կարող իրականացնել Նիկոլ Փաշինյանը, քանի որ սխալ քաղաքականություն է վարում ու չի մտածում աղքատության տոկոսն իջեցնելու, բարեկեցության մակարդակը բարձրացնելու, սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։
Թաթուլ Մկրտչյան