Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:39 10-04-2026

Միս, պտուղ-բանջարեղեն, և ոչ միայն․ ինչու է սննդամթերքը թանկանում

Մերի Հակոբյան

Լրագրող

Վերջին շրջանում Հայաստանում պարենային ապրանքները նկատելիորեն թանկացել են, ինչը բնակչության շրջանում մտահոգությունների պատճառ է դարձել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց՝ թանկացումները պայմանավորված չեն միանշանակ պատճառներով, և դրանք պահանջում են ոչ թե ընդհանուր, այլ ոլորտային գնահատականներ։

«Պարենային ապրանքների թանկացում գլոբալ ձևակերպում տալն ինքն իրենով ճիշտ չէ։ Եթե մենք քննարկում ենք պարենային ապրանքների թանկացումը, պետք է քննարկենք պատճառները՝ հասկանալով, թե ո՞ր ապրանքների մասին է խոսքը, որովհետև վերամշակող սննդամթերքը, պարենային հումքը և ներմուծվող ապրանքները էականորեն տարբեր ոլորտներ են»,- ասաց նա։

Պիպոյանի խոսքով՝ օրինակ պտուղբանջարեղենի դեպքում պետք է տարբերակել տեղական և ներմուծվող արտադրանքը․

«Եթե ներկրվող պտուղբանջարեղենը միջազգային շուկայում գնափոխվում է, դա չի կարող ազդեցություն չունենալ մեր շուկայի վրա։ Կան դեպքեր, երբ միջամտությունը հնարավոր է, և կան դեպքեր, երբ հնարավոր չէ»։

Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանում առավել նկատելի է մսի թանկացումը․

«Պետք է խորքային վերլուծություն իրականացվի, որը, կարծում եմ, Էկոնոմիկայի նախարարությունը կկարողանա անել։ Նախարարությունում կան գիտակից աշխատակիցներ, ցավոք սրտի, որոնք ունեն ոչ այնքան գիտակից վերադասներ։ Վերլուծությունը կանեն, բայց արդյոք դրանից հետո ընթացք կտրվի՞՝ չեմ կարող ասել»։

Բաբկեն Պիպոյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ մսի գնի կայունացման համար անհրաժեշտ է հստակ ոլորտային քաղաքականություն․

«Տավարի մսի հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան ագրարային քաղաքականություն, մասնավորապես՝ տավարաբուծության զարգացման ծրագիր։ Այսօր, եթե հարցնեք, կասեն՝ ունենք ծրագիր, բայց եթե ճշտեք՝ այն տարածվում է միայն կաթնատո՞ւ, թե՞ նաև մսատու կենդանիների վրա, կպարզվի, որ միայն կաթնատուի վրա է, հետևաբար մսի խնդիրը լուծող ծրագիր, ըստ էության, չկա»։

Միևնույն ժամանակ Պիպոյանը նշեց, որ որոշ դեպքերում թանկացումները անխուսափելի են․

«Կան ապրանքներ, որոնց գները պետք է թանկանան, օրինակ՝ դեֆիցիտի դեպքում կամ երբ միջազգային շուկայում գներն աճում են։ Այդ դեպքում պետք է մտածել մարդկանց եկամուտների աճի մասին»։

Խոսելով գնաճի ընդհանուր ազդեցության մասին՝ մասնագետը պարզ օրինակ բերեց․

«Եթե ունենք 100 հազար դրամ եկամուտ, և գնաճը կազմում է 5%, ապա նույն ապրանքները ձեռք բերելու համար արդեն պետք է 105հազար դրամ։ Եթե եկամուտը չի աճում, մարդիկ ինչ-որ ապրանքներ այլևս չեն կարողանա ձեռք բերել»։

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ մասնավորապես Իրանից ներմուծվող ապրանքներին, Պիպոյանը զգուշացրեց հատկապես տեղեկատվական զգայունության մասին․

«Պետությունը պարտավոր է ռիսկերի գնահատում անել, բայց տեսական ռիսկերը միշտ չէ, որ պետք է հրապարակայնացնել, որովհետև դա կարող է խուճապ առաջացնել, իսկ խուճապը՝ իր հերթին գնաճ»։

Պիպոյանի խոսքով՝ օրինակ, հայկական շուկայում կարևոր դեր ունի Իրանից ներկրվող սերուցքը․

«Տեսականորեն կարող են խնդիրներ առաջանալ, բայց պետք է հաշվի առնել, որ մենք նաև արտահանում ենք կաթնամթերք, ու այդ պայմաններում կարող է ներքին շուկայում դեֆիցիտ չառաջանալ»։

Պիպոյանն ընդգծեց նաև, որ որոշ խնդիրներ պետք է լուծել առանց ավելորդ աղմուկի՝ միաժամանակ քննադատելով պետական կառավարման ներկայիս ոճը։ Նրա խոսքով՝ պաշտոնյաները հաճախ նախընտրում են աշխատելու փոխարեն խոսել, սակայն կարևոր է հասկանալ, որ շատ խոսող պաշտոնյան քիչ է աշխատում, քանի որ նա խոսում է իր աշխատաժամանկի հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում․
Մերի Հակոբյան