Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկվել են հաջորդ տարվա համայնքային բյուջեին, քաղաքային ծրագրերին և քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Հարցերից մի քանիսի քննարկումները բավականին թեժ են անցել։
Նշենք, որ վերջին շրջանում Գյումրիի ավագանու նիստերը վերածվում են լեզվակռվի, երբեմն հնչում են փոխադարձ մեղադրանքներ։
Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը գործընկերներին հորդորեց կարդալ ՏԻՄ օրենքը և ծանոթանալ ավագանու գործունեությանը։ «Իմ ելույթի ժամանակ անգրագետ և անտրամաբանական հայտարարություններ մի՛ արեք։ Չգիտեք` կարդացե՛ք ու սովորե՛ք, ի վերջո կրթվելը նորաձև է»,-ասաց նա։
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հորդորեց, որ ՔՊ-ական ավագանու անդամը զերծ մնա որակումներից։
Նկատենք, որ օրակարգում ընդգրկված 33 հարցերից շատերին ՔՊ խմբակցությունը քվեարկել է ձեռնպահ և դեմ։
Ավագանու այսօրվա նիստում ընդգրկված էին նաև գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին պարգևատրելու, համայնքապատկան մանկապարտեզների վերանորոգման և սոցիալական այլ հարցեր, ինչպես նաև քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաստատումը, որին ՔՊ-ն դարձյալ դեմ քվեարկեց։
Նշենք, որ ՔՊ-ականները ավագանու նախորդ նիստերի ժամանակ ևս ոչ բոլոր օրակարգային հարցերին են կողմ քվեարկել։ Ընդդիմադիր դիրքավորված ՔՊ-ն քաղաքի կառավարումը ծայրից ծայր ձախողված է համարում, երբեմն հենց այս հիմնավորմամբ բոյկոտում ավագանու նիստերը՝ փորձելով կառավարման ճգնաժամ առաջացնել և հասնել նոր ընտրությունների։
Մանրամասները` տեսանյութում․