Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 21:56 17-12-2025

Ազգայինը հակադրվում է պետությանը. դպրոցներում պատմական հայրենիքն էլ չի ուսումնասիրվում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը factor.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում երկար տարիներ հայրենասիրությունը ընկալվել է միայն որպես «մեռնել հանուն հայրենիքի», մինչդեռ չի սովորեցվել՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի։

Նրա խոսքով՝ խաղաղությունը հենց ապրելու մասին է, և կրթական համակարգը պետք է ձևավորի պաշտպանված, ապահով, արժանապատիվ ու ստեղծագործ քաղաքացի։ Նախարարը նաև շեշտել էր, որ պետական միջոցներով «հակապետական քարոզը» անընդունելի է։

Այս հայտարարությունների շուրջ Oragir.News-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

«Խոսքերի հետ համաձայն եմ, բայց մտադրության հետ՝ ոչ,- նշում է Ատոմ Մխիթարյանը, ապա հավելում,- այստեղ ենթատեքստերը այլ են. չի կարելի ասել, թե մեզ միայն մեռնել են սովորեցրել։ Դա եղել է հայրենասիրության փոքր բաղադրիչներից մեկը։ Հայկական կրթական համակարգում տարիներ շարունակ ձևավորվել է արժեքային համակարգ, որի առանցքում հենց հայրենասիրությունն էր։ Հիմա այդ արժեքները դասագրքերի միջոցով ձևախեղվում են»:

Նրա կարծիքով՝ այսօր դպրոցներում այլևս նպատակ չկա երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, փոխարենը դաստիարակվում են աշխարհաքաղաքացիներ։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ժամանակին պատմական հայրենիքի ու պատմության ուսումնասիրությունը պատշաճ չի արվել, և պատմությունը սովորել են դոգմաների մակարդակում: Կրթության փորձագետը այս խոսքերը կապում է նաև իշխանության ընդհանուր քաղաքական մոտեցումների հետ։

«Այս ձևակերպումներով նախարարը, ըստ էության, կրկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ այլ բառերով։ Սա նարատիվ է, որը գալիս է Թուրքիայի կողմից։ Ստացվում է՝ Ժաննա Անդրեասյանը խոսում է Փաշինյանի շուրթերով»,– ասում է նա՝ հավելելով, որ նման մոտեցումն անընդունելի է։

Այն հարցին, թե հիմա ինչ իրավիճակ է կրթական մակարդակում, Ատոմ Մխիթարյանը արձագանքեց. «Այսօր պատմական հայրենիքի մասին ուսումնասիրությունները զրոյի են հավասար։ Ավելին՝ ուսուցիչներին նույնիսկ արգելվում է այդ թեմաներով խոսել։ Շատերը վախենում են, քաշվում են, որ իրենց սովորածը փոխանցեն երեխաներին»։

Փորձագետի կարծիքով՝ ուսուցիչները պետք է համառ լինեն և փոխանցեն այն արժեքները, որոնցով իրենք են դաստիարակվել. «Այսօր մտածում են, որ եթե ազգային կամ հայրենասիրական միտք ես ասում, դա հակասում է պետական շահերին։ Իրականում դա հակասում է միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, ոչ թե հայկականին»։

Խոսելով պատմության դասագրքերում արված փոփոխությունների մասին՝ կրթության փորձագետը դրանք անընդունելի է համարում։

«Հայ ժողովրդի պատմությունը սկսվել է Հայկական լեռնաշխարհում։ Դա անտեսել նշանակում է լինել անգրագետ կամ տգետ։ Չես կարող Հայաստանի պատմությունը լավ ուսումնասիրել՝ շրջանցելով դրա ակունքները»,– եզրափակում է նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից

Ձեզ գուցե հետաքրքրի