Ավելին 7 ամիս առաջ - 19:15 15-12-2025

Volkswagen-ն իր պատմության մեջ առաջին անգամ կփակի Գերմանիայի գործարաններից մեկը. հայտնի է պատճառը

Գերմանական «Volkswagen» ավտոկոնցեռնն իր 88-ամյա պատմության մեջ առաջին անգամ կփակի Գերմանիայի գործարաններից մեկը։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times»-ը:

Դրեզդենի գործարանն աշխատանքը կդադարեցնի դեկտեմբերի 16-ին։ Պատճառը ֆինանսական խնդիրներ են, որոնք ի հայտ են եկել Չինաստանում VW–ի ավտոմեքենաների վաճառքի ծավալների նվազման, Եվրոպայում ցածր պահանջարկի և եվրոպական ապրանքների ներմուծման համար սահմանված ամերիկյան նոր մաքսատուրքերի հետևանքով։

«Volkswagen»-ի ղեկավար Թոմաս Շեֆերի խոսքով՝ արտադրությունը փակելու որոշումը հեշտ չի կայացվել, բայց դա անհրաժեշտություն է եղել տնտեսական տեսանկյունից:

Վերջին տարիներին «Volkswagen»-ը լուրջ խնդիրների է բախվում նաև էլեկտրական մեքենաների վաճառքի դժվարությունների և չինական ընկերությունների մրցակցության ուժեղացման պատճառով:

Ավտոարտադրողը 2025 թվականի երրորդ եռամսյակն ավարտել է 1,1 մլրդ եվրոյի վնասով, իսկ ամերիկյան մաքսատուրքերով պայմանավորված՝ այս տարվա ընդհանուր կորուստներն ընկերությունը 5 մլրդ եվրո է գնահատում: