Մշակույթ 8 ամիս առաջ - 19:06 10-12-2025

Թատրոնին ոչ թե ռեժիսորի հաստիքը պետք չէր, այլ՝ Դավիթ Հարությունյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում այլևս ռեժիսորի հաստիք չի լինի։ Այս քայլի պատճառով այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը կդադարի աշխատել թատրոնում։ Այս մասին Հարությունյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Դավիթ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է տարբեր հայկական թատրոններում։

Նրա ներկայացումները ցուցադրվել են ոչ միայն Պատանի հանդիսատեսի թատրոնում, այլև Սունդուկյանի թատրոնում, Պարոնյանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, Վանաձորի ու Գորիսի թատրոններում, ինչպես նաև հայկական թատրոնում Հալեպում։ Նրա ներկայացումներից շատերը՝ «Վերջին ուսուցիչը», «Խենթը», «Արծվաբույնը» և մյուսները, տարիներ շարունակ դիտել են հազարավոր դպրոցականներ։

Oragir.News-ի հետ զրույցում Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, ասաց, որ որոշումն իրեն փոխանցվել է ըստ սահմանված կարգի, և ինքը նոր պատասխաններ տալու համար կփորձի վերլուծել իրավիճակը. «Այսօր երկրում ավելի կարևոր հարցեր կան, տեսնում ենք՝ ինչ ա կատարվում։ Դավիթ Հարությունյանի հաստիքը այստեղ շատ փոքր հարց է։ Ճիշտ է՝ անարդար է, բայց այսօր ավելի կշիռով մեծ խնդիրներ ունենք, որ չենք կարողանում հաղթահարել»։

Հարությունյանը 2017–2020 թվականներին եղել է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ունի «Արտավազդ» մրցանակ և համարվում է Երևանի մշակույթի ոլորտի ճանաչված գործիչ։ Այս պահին քաղաքապետարանը պաշտոնական բացատրություն չի ներկայացրել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքապետարանից նշեցին. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում (Թատրոն) ընթացիկ տարում իրականացվում են արդիականացման, գործունեության արդյունավետության բարձրացման և հանրությանը մատուցվող մշակութային արտադրանքի և ծառայությունների որակի բարելավման ծրագրերը, որի շրջանակներում թատրոնում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, վերանայվել է հաստիքացուցակը, ավելացվել է հատկացվող սուբսիդիան:

Այս հանգամանքով պայմանավորված՝ թատրոնի նոր հաստիքացուցակում, ի թիվս այլ բարեփոխումների, կրճատվել է ռեժիսորի հաստիքը, ինչը հնարավորություն է ընձեռելու բեմադրությունների իրականացման համար հրավիրել այլ ռեժիսորների, տարբեր ձեռագրեր ունեցող բեմադրիչների։ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով թատրոնի ռեժիսորի հաստիքը զբաղեցնող Դավիթ Վրույրի Հարությունյանը ծանուցվել է հաստիքի կրճատման մասին, և վերջինիս առաջարկվել է թատրոնում այլ աշխատանք (դերասանի հաստիք)։

Նշված առաջարկին Դ․ Հարությունյանը սահմանված ժամկետում չի պատասխանել, ինչի արդյունքում լուծվել է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Միաժամանակ՝ թատրոնը չի բացառել և հետագայում ևս չի բացառում Դավիթ Հարությունյանի հետ ստեղծագործական համագործակցությունը՝ որպես հրավիրյալ ռեժիսոր»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում