Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 16:35 02-12-2025

Ինչո՞ւ պետք է Ձեր հարցերին պատասխանեմ․ Արարատի դպրոցների տնօրենները վախեցած են

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող դպրոցների իրավիճակը։

Հիշեցնենք՝ ըստ Կառավարության ծրագրի՝ 300 դպրոց պետք է նորոգվի, կառուցվի կամ վերակառուցվի մինչև 2026 թվականը։

Ծրագրում ընդգրկված դպրոցներից են Արարատի մարզի մի շարք դպրոցներ։

«Ջրահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անհասականալի իրավիճակ է։ Երբ խնդրեցինք ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են տարվել դպրոցում, սկզբում ասացին, որ դեռ չեն էլ սկսվել աշխատանքները, այնուհետև հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել, փոխարենը տրամադրելով ոմն Ստեփանյան Արսենի հեռախոսահամարը, որը դպրոցի համակարգողն է։

Արսեն Ստեփանյանը, բացի այն, որ անվայելուչ խոսելաձով ուներ, միանգամից ագրեսիվ մոտեցում ցուցաբերեց։ Նա նախ փորձեց ստել՝ ասելով, որ տվյալ անձնավորությունը չէ, և թե՝ սխալ ենք զանգահարել։

Լսելով մեր պարզ հարցը, թե ի՞նչ փուլում են դպրոցի շինաշխատանքները, վերջինը վրա բերեց․ «Էդ հարցով խնդրում եմ զանգեք մարզպետարան, մենք չենք կարող ձեզ տեղեկություն տալ․․․գնացեք ձեր հարցերը մարզպետարանի հետ լուծեք»։

Դիտարկմանը՝ ինչ-որ բանից վախեցա՞ծ եք, կամ միգուցե կաշկանդավա՞ծ, Ստեփանյանն ասաց․ «Վախենում եմ մենակ էն բանից, որ ես կյանքում երբեք չեմ վախեցել․․․ շատ հաճելի է, որ դուք հետաքրքրվում եք, եթե հետաքրքրվում եք, պետք է իմանաք, որ․․․»։

Oragir.News-ի դիտարկմանը՝ ուզում էիք ասել, որ պետք է իմանայինք, որ ոչինչ չի՞ արվե», և հարցին՝ կասե՞ք՝ ինչն է պատճառը, որ աշխատանքներ չեն տարվում, մեր զրուցակից Արսեն Ստեփանյանը հունից դուրս եկավ․ «Ախր կառավարական հարցեր եք, է, տալիս, ես Ձեզ պատճառը ո՞նց ասեմ, որ ես ինքս չգիտեմ պատճառը։ Դուք հարցեր եք տալիս, որ ես ի վիճակի չեմ պատասխանելու, որովհետև տեղյակ չեմ»։

Նշենք նաև, որ Ջրահովիտի դպրոցի համակարգողի կողքից ինչ-որ մեկը հուշում և ցուցումներ էր տալիս՝ ինչ խոսի, ինչպես պատասխանի։

Գետազատ բնակավայրի միջնակարգ դպրոցում նույնպես տրամադրված էին Oragir.News-ի դեմ։ Մեր ավանդական հարցերին կտրուկ պատասխաններ հնչեցին․

«Իսկ ես ինչո՞ւ պետք է ձեզ ներկայացնեմ։ Մենք լիազոր մարմին ունենք, իրենցից կարող եք ամբողջ տեղեկատվությունը ճշտել․․․»։

Տպավորություն ստեղծվեց, թե դպրոցների տնօրեններին խիստ հրահանգ է տրվել՝ չպատասխանել լրագրողների որևէ հարցի և չտրամադրել որևէ տեղեկատվություն 300 դպրոցների ծրագրի վերաբերյալ հարցերին։