Ուղիղ եթեր
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 10:00 01-12-2025

Գարեգին Բ-ն կարող է հուսահատեցնել ՔՊ-ին՝ վերստին խոսելով Արցախի մասին

Շնաձուկը որսի վրա միանգամից չի հարձակվում։ Զոհ ընտրելուց հետո նա մի քանի անգամ մոտենում ու հեռանում է, մի քանի շրջան պտտվում զոհի շուրջը, այնուհետև արագ հարձակվում, բացում մեծ երախն ու սուր ատամներով մահացու կծվածք հասցնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ից սկսած ամեն կիրակի այցելում է եկեղեցի, մասնակցում պատարագի, իր հետ շարժելով մեծ թվով ոստիկանների, անվտանգության աշխատակիցների, ՔՊ-ականների, Փաշինյանի հետ շփվելու, նրան մոտիկից տեսնելու ցանկություն ունեցողների։ Նոյեմբերի 30-ին նա, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ ՔՊ-ականներ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեցին պատարագի։

Ո՞ր եկեղեցում Փաշինյանը կմասնակցի պատարագի հաջորդ կիրակի։ Եվ քանի՞ շաբաթ անց նա Էմիածնում կմասնակցի պատարագի։

Որոշ ընդդիմախոսներ Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունը դիտում են պատերազմական տրամաբանությամբ։ Հոկտեմբերի 26-ին, երբ Փաշինյանը մտավ Հովհաննավանք, որոշ գործիչներ ասացին, թե նա զավթեց, պղծեց Հովհաննավանքը։ Այսպիսով՝ եկեղեցիներն ասոցիացվեցին ամրոցների հետ։ Առաջին ընկած ամրոցը Հովհաննավանքն էր։ Նոյեմբերի 30-ին Փաշինյանը գրոհեց Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը երևանցի հավատացյալների սիրելի աղոթատեղին է։ Եթե եկեղեցիներն ամրոցներ են, իսկ Փաշինյանը գրավում է ամրոցը ամրոցի հետևից, ապա այս զավթումների շարքի վերջում, տրամաբանորեն, Էջմիածինն է, վեհարանը։

Հանրային խոսույթում, սակայն, լավատեսություն է գերիշխում, որ Փաշինյանին չի հաջողվի գահընկեց անել Գարեգին Բ-ին, մտնել Էջմիածին, վեհարան, քանի որ հոգևորականությունը, չհաշված մի քանիսի, հավատարիմ է միաբանությանը, ընտրյալ կաթողիկոս Գարեգին Բ-ի կողքին է, կաթողիկոսափոխության անհրաժեշտություն չի տեսնում։

Հետևապես՝ ենթադրելի է, որ Փաշինյանի գծած շրջանակներն Էջմիածնի շուրջ չեն հանգեցնելու վերջնական գրոհի։ Նա չի կարողանա Էջմիածին մտնել։ Այսինքն՝ եկեղեցու միջնաբերդն անառիկ կմնա։ Փաշինյանը գուցե նաև պաշարի միջնաբերդը, Էջմիածնում հանրահավաքներ անի, սակայն ի վերջո կհոգնի, կհաշտվի ձախողման հետ ու կդադարեցնի կաթողիկոսափոխության արշավը, կգնա տուն, կզբաղվի աշխարհիկ հարցերով։

Իհարկե, կան նաև հոռետեսական վարկածներ։ Ընդդիմախոսների մի մասը կարծում է, թե Փաշինյան-Գարեգին Բ հակամարտության հիմքում Արցախի հարցն է։ Այս տրամաբանությամբ՝ համարվում է, որ հակամարտությունը սկսվեց, երբ Վեհափառը միջազգային հարթակներում խոսեց Արցախի ազատության, արցախցիների իրավունքների, վերադարձի մասին։ Եվ ենթադրելի է, որ Փաշինյանը ռուս-ադրբեջանական չբարեկամների պահանջով է պատերազմ հայտարարել Գարեգին Բ-ին։

Այս վարկածի լույսի ներքո հոգևոր նորոգման փաշինյանական նպատակը կեղծ է։ Իրականում՝ ՔՊ-ին անհրաժեշտ է այնպիսի կաթողիկոս, որն ասի «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ու եթե Գարեգին Բ-ն դա ասի այսօր, ապա վաղվանից ՔՊ-ական իշխանությունը նրա հետ ոչ մի խնդիր չի ունենա, կադադարեն ամեն տեսակ գրոհները եկեղեցու և նրա ընտրյալ ղեկավարի դեմ, Փաշինյանն ու ՔՊ-ականերն էլ եկեղեցի չեն գնա ամեն կիրակի։

Պարզ ասած՝ Գարեգին Բ-ն կարող է հուսահատության հասցնել Փաշինյանին, կրկին ու ավելի բարձր խոսելով Արցախի ազատության, արցախցիների իրավունքների մասին, ստեղծել նոր առիթներ այս հարցը միջազգային հարթակներում բարձրացնելու համար, գտնելով միջազգային աջակցություն այս հարցում։ Այսինքն՝ եթե Փաշինյանն ամեն կիրակի մի ամրոց է գրավում, Գարեգին Բ-ն էլ ամեն կիրակի կարող է նորոգել Արցախի ազատության թեման։ Գուցե Փաշինյանը, տեսնելով Գարեգին Բ-ի համարժեք հաստատակամությունը, հաշտվի պարտության հեռանկարի հետ, հրաժարվի կաթողիկոսափոխության արշավից, զբաղվի աշխարհիկ հարցերով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված