Ուղիղ եթեր
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 15:30 26-11-2025

Պարոն Փաշինյան, ավանակը շա՞տ վատ բան է

«Մայրիկ, ասա՝ ավանակը շա՞տ վատ բան է»,- հարցնում է իշուկը հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմում։

Ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներն իրապես հույս ունեին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա տարեվերջին, ինչպես ակնարկում էր Նիկոլ Փաշինյանը։ Բայց կարծես՝ տեղի է ունենում հակառակը։ Ոմանց թվում է, թե Փաշինյանն իրենց էշի տեղ է դնում, առաջ գնալով՝ կանգնած մնում տեղում։

Հայաստանը ՀԱՊԿ՝ նոյեմբերի 27-ին Բիշքեկում գումարվելիք գագաթնաժողովին չի մասնակցի, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։

Ի՞նչ իմաստ ունի ՀՀ ներկայացուցիչների հավաստիացումը, թե ՀԱՊԿ գագաթաժողովի համաձայնեցված փաստաթղթերին դեմ չեն։ Այս պարագայում քանի՞ լումա արժեն Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից մինչև տարեվերջ դուրս գալու մասին ակնարկը, անկախության, ժողովրդավարության պաշտպանության մասին մեծ-մեծ խոսելը։

Հիշենք, որ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը ռուսների աջացությամբ փաստացի զավթեց ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ ՀԱՊԿ-ը չդատապարտեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ ագրեսիան։ ՀԱՊԿ-ը չճանաչեց ՀՀ ինքնիշխան իրավունքները, չպաշտպանեց իր դաշնակցին։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ը վարվեց Հայաստանի թշնամու կամ չբարեկամի պես, աջակցեց Հայաստանի վրա ագրեսիա իրականացրածին։

Նկատենք նաև, որ ազատ աշխարհի երկրներն այդ ժամանակ պաշտպանեցին ՀՀ անկախությունն ու ինքնիշխան իրավունքները։ 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում ժողովրդավարական երկերները դատապարտեցին ՀՀ-ի դեմ ագրեսիան, ՀՀ ինքնիշխան իրավունքների խախտումը։ Իսկ Մոսկվան կասկածի տակ դրեց ՀՀ իրավունքներն այդ տարածքների նկատմամբ։ Չինաստանը, Ադրբեջանը ևս չճանաչեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները։

Այսքանից հետո եթե ՔՊ-ական իշխանությունը շարունակեր մասնակցել ՀԱՊԿ ժողովներին, ապա հիմք կտար ասելու, որ ՀՀ-ն ազգային գիտակցություն չունեցող երկիր է, ռուսական ֆորպոստ, շարունակում է դաշնակցային հարաբերություններ պահպանել իր ինքնիշխան իրավունքները չճանաչողների հետ։ Այսինքն՝ ինքը ևս չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Այս պարագայում աշխարհը Հայաստանից երես կթեքեր, որպես ինքնասիրություն, ինքնագիտակցություն չունեցող մեկից։ Եվ ՀՀ-ն կարող էր զրկվել անկախությունից։ Այս անցանկալի զարգացումը չեզոքացնելու համար պետք էր ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Սակայն Փաշինյանն ընդամենը սառեցրեց ՀԱՊԿ անդամությունը։ Եվ ՀՀ-ն դե յուրե մնում է ՀԱՊԿ անդամ։ ՀԱՊԿ-ում փաստաթղթերն ընդունվում են կոնսենսուսով։ Դրա համար է անհրաժեշտ, որ բոլորն, այդ թվում՝ Հայաստանը համաձայն լինեն։ Այսինքն՝ Հայաստանը, թեև ներկա չէ ՀԱՊԿ ժողովներին, սակայն հեռակա մասնակցում է, չառարկելով համաձայնեցված փաստաթղթերին։ Այս փաստով՝ ռուսներն ու ադրբեջանցիները կարող են միջազգային հարթակներում շահարկել, որ ռուսներն ու ՀԱՊԿ մյուս անդամները սեղանի շուրջ չեն ճանաչում ՀՀ իրավունքները, ՔՊ-ն էլ հեռակա չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում զավթված տարածքների նկատմամբ։

Նույնիսկ եթե չբարեկամներն այսօրինակ շահարկումներ չանեն, միևնույն է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին հեռակա մասնակցելը փշրում է ազգային ինքնասիրություն ունեցող քաղաքացիների ակնկալիքները։ Ո՞ւմ են էշի տեղ դում ՔՊ-ական իշխանությունները՝ ժողովրդի՞ն, թե՞ ազատ աշխարհին, որոնց հավաստիացնում էին, թե անկախության պաշտպան են, ժողովրդավարությունը ՀՀ քաղաքակրթական ընտրությունն է և այլն։ Ինչպե՞ս են վաղը նայելու այն մարդկանց աչքերին, որոնք հավատում էին, թե ՔՊ-ն անկախության դիրքերում է կանգնել, այլևս ռուսամետ չէ, ազգայի շահերը չի ստորադասում Մոսկվայի հետաքրքրություններին։

Կարճ ասած՝ արդեն հույս չկա, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա 2025-ի վերջին, և ՔՊ-ն գոնե մի ազգօգուտ բան կանի, պարտություններից ու զիջումներից հետո գոնե հույս կտա, որ անկախությունը պաշտպանելու ունակ իշխանություն ունենք։ Իսկ գուցե ժողովուրդն ու ազատ աշխարհն ըմբռնումո՞վ վերաբերվեն, որ Փաշինյանն իրենց էշի տեղ է դնում։ Գուցե ժողովուրդն ու աշխարհն ընդունե՞ն, որ ավանակ լինելը շատ գեղեցիկ բան է, ինչպես մուլտֆիլմում իշուկին հավաստիացնում է նրա մայրիկը։

Թաթուլ Մկրտչյան