Ուղիղ եթեր
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:50 20-11-2025

Ինչպես անել, որ Հայաստանում քաղբանտարկյալ չլինի

Այլախոհների դեմ պայքարում ՔՊ-ն վարվում է միջնադարյան նորմերով։ Քաղբանտարկյալների առատությունը խոսում է այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունները չեն կարողանում երկիրը կառավարել ժողովրդավարական կանոններով։

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա է իրականացնելու ի պաշտպանություն քաղբանտարկյալների։

Ինչո՞ւ են շատանում քաղբանտարկյալները, ինչո՞ւ է ՔՊ-ն դիմում բռնաճնշումների։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս անել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն։

Բազմակարծությունը ժողովրդավարության ձեռքբերումներից մեկն է։ Հակաժողովրդավարական է, երբ մարդկանց հետանդում, կալանավորում ու ազատազրկում են կարծիք հայտնելու կամ քաղաքական ակտիվության համար։ ՔՊ-ական իշխանությունը, հավանաբար, վախենում է այլախոհներից, քննադատությունից, քաղաքական մրցակցությունից։ Այդ պատճառով բանտերը լցվում են քաղբանտարկյալներով։ Այս վախը բխում է մեկ այլ վախից, որ վաղն իրենց կարող են հետապնդել։ Ու հաշիվը նախապես հավասարեցնելու համար նրանք այսօր հալածում են այլախոհներին։

Այսինքն՝ քաղբանտարկյալների թիվը կրճատելու ճանապարհի առաջին խնդիրն այս վախի հաղթահարումն է։ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին կարող են օգնել հոգեբանները համապատասխան մասնագիտական խորհուրդներով։ Սակայն իրենք ևս պետք է հասկանան, որ քաղբանտարկյալի գոյությունն ամոթալի է ժողովրդավարական պետության համար;

Հաջորդ անելիքն առնչվում է քաղաքական մրցակցության ավանդույթների արմատավորմանը։ ՔՊ-ն պետք է հաշտվի, որ ՀՀ-ում, 21-րդ դարում, պետության կայացման սկզբնական շրջանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի։ Եվ նորմալ է, որ լինեն ընդդիմություն, այլախոհներ, ազատ մամուլ, քննադատություն։ Նորմալ է, որ ընդդիմությունը ձգտում է իշխանության, ուզում է զբաղեցնել վարչապետի աթոռն ու իրագործել իր ծրագիրը։

Խնդիր է նաև հասարակություն-պետություն հարաբերությունը։ Փաշինյանը քայքայել է հասարակությունը, բաժանել հատվածների, ատելություն սերմանել։ Եվ հիմա իր սերմանած ատելությունն անկառավարելի է դառնում։ Ու իշխանությունը դիմում է բռնաճնշումների։ Եվ ինչքան շատ է ճնշում այլախոհներին, այնքան խորանում է ՔՊ-ի հանդեպ հանրային ատելությունը։ Այսինքն՝ քաղբանտարկյալների թիվը կրճատելու համար պետք է ամրացնել ներքին խաղաղությունը։ Այս հարցում անելիք ունեն և՛ իշխանությունը, և՛ հասարակական հեղինակությունները։ Ժամանակին Դանիել Դեֆոն մեկ պոեմով վերացրեց անարգանքի սյունը որպես պատժի տեսակ։ Գուցե հայ մտավորականներն էլ մի քիչ ջանք գործադրեն այս ամոթալի իրավիճակը վերացնելու ուղղությամբ։

Անելիք ունեն նաև ընդդիմադիր ուժերը։ Ինչպես նախկինների օրոք, այնպես էլ այսօր քաղաքական հալածանքներն ունեցել են և ունեն մեկ արդարացում։ Դա է՝ ռուսական շահեր սպասարկելը, ռուսական գործակալ կամ ազդեցության գործակալ լինելը։ Սա հաշվի առնելով, ընդդիմությունը, այլախոհները պետք է հնարավորինս զգույշ լինեն, որ իրենց չմեղսագրվեն, թե ռուսական գործակալ են։ Եթե նրանք բացահայտ հանդես գան անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, քննադատեն Նիկոլ Փաշինյանի ռուսամետ կուրսը, ապա քաղբանտարկյալների թիվն էապես կկրճատվի։

Եվ ի վերջո՝ ՔՊ-ն պարտավոր է մարդասիրական խիզախություն դրսևորել և հրաժարվել իշխանությունը պահելու բիրտ մեթոդներից, «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում քաղաքական դասընթացներ անցնել, թե ժողովրդավարական երկրներում, օրինակ՝ Էստոնիայում, ինչպես են պահում իշխանությունն՝ առանց քաղբանտարկյալների։ Գուցե այսպիսի կրթության արդյունքում քաղբանտարկյալները վերանան։

Կարճ ասած՝ Հայաստանում քաղբանտարկյալ չի լինի, եթե ՔՊ-ն մարդասիրական խիզախություն դրսևորի ու հաղթահարի այլախոհների հանդեպ վախը, ընդունի, որ ժողովրդավարությունն այսօր այլընտրանք չունի, հրաժարվի ատելությունից, երկրում ներքին խաղաղություն հաստատվի, իսկ ընդդիմությունը կանգնի անկախության և ժողովրդավարության դիրքերում։ Հակառակ պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ իշխանափոխությունից հետո ՔՊ-ականներն են քաղբանտարկյալ դառնալու և այդպես շարունակ։

Թաթուլ Մկրտչյան