Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների գնումը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի երեկվա հանդիպումից հետո։
Նշենք նաև, որ Չինաստանից և Հնդկաստանից հետո Թուրքիան ռուսական նավթի երրորդ խոշորագույն գնորդն է։ Bloomberg-ի տվյալներով՝ այն օրական ներմուծում է մոտ 300,000 բարել։ Թուրքիան նաև «Գազպրոմից» գնում է մոտ 22 միլիարդ խորանարդ մետր գազ, որը հանրապետություն է մատակարարվում «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերով։
Այս հայտարարության քաղաքական հետևանքների մասին
Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, ով նշեց, որ ԱՄՆ–ն նման հայտարարություններ շատ է անում, սակայն դրանց կատարումը հարցի այլ կողմն է։
«Եթե եվրոպական երկրները հիմնականում կատարում են այդ պահանջները, մյուսների մոտ շատ մեծ ջանասիրություն չեմ նկատում, օրինակ՝ Հնդկաստանը խուսափում է կատարել։ Նույն Չինաստանի մասին նույնիսկ անիմաստ է խոսելը, որովհետև Չինաստանը հայտարարություն է նույնիսկ արել, որ պատժամիջոցները համարում է ոչ արդարացի։ Նույնիսկ Հունգարիայի վարչապետ Օրբանը 2 օր առաջ Թրամփի հետ հանդիպմանը կարողացավ հասնել նրան, որ առնվազն 1 տարով հունգարական ընկերությունները ազատվեցին պատժամիջոցներից ռուսական նավթ և գազ ներկրելու համար։ Ու ես կարծում եմ, Թուրքիան էլ շատ հեշտ չի համաձայնվելու և փորձելու է Վաշինգտոնի հետ բանակցել այդ հարցում՝ ինչ–որ բալանսավորված լուծում գտնելու համար»,– նշեց Սուրենյանցը։
Իսկ արդեն տնտեսական հետևանքների մասին
Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, ով նշեց, որ ինքը համոզված է՝ Թուրքիան չի համաձայնվելու, որովհետև Թուրքիան այսօրվա դրությամբ ԱՄՆ–ի հետ ունի այնպիսի հարաբերություններ, մասնավորապես Թրամփի վարչակարգի օրոք, որ շատ մեծ կախվածության մեջ է հենց Թուրքիայից։
«ԱՄՆ–ն չի կարող Թուրքիային պայմաններ թելադրել, և այսպիսով, նույնիսկ, եթե եթե հարաբերությունների մակարդակը նվազի, Թուրքիայի համար այս հետևանքները անբուժելի են, և այսպիսով, Թուրքիան չի գնալու այս պայմաններին, որովհետև, պարզ է, որ Թուրքիայի համար դա կունենա բացասական տնտեսական հետևանքներ, որովհետև Ադրբեջանը, օրինակ, չի կարող փոխարինել Թուրքիայի ռուսական էներգակիրներին։ Բայց Թուրքիան կարող է փորձել իր միջնաժամկետ կտրվածքով արդեն փոխարինել Ռուսաստանը Միջին Ասիային, և հենց դրա համար փորձում են Հայաստանով միջանցք անցկացնել, որպեսզի այստեղով անցնեն տարբեր գազամուղներ, նավթամուղներ, որոնք սպասարկելու են էներգետիկական տեսանկյունից»,– նշեց Միքայելյանը։
Այսպիսով, պարզ է դառնում, որ փորձագետները բացառում են Թուրքիայի կողմից նման պայմանների կիրառումը։ Հիշեցնենք նաև, որ «Գազպրոմի» և թուրքական պետական «Բոթաշ» ընկերության միջև գործող պայմանագրերի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Կողմերը բանակցություններ են վարում երկարաժամկետ պայմանագրերի երկարաձգման շուրջ՝ պահպանելով այդ ծավալները։
Մանրամասները՝ տեսանյութում։