Արտաքին 7 ամիս առաջ - 22:53 10-11-2025

ՌԴ-ն պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները երկկողմ հարաբերությունների վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարց․ Վերջին շրջանում Հայաստանում՝ ըստ երևույթին 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ավելի ու ավելի հաճախ են սկսվել քննարկումներ՝ իբր Երևանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմների» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք դա։

Պատասխան․ Իրոք, մենք արձանագրել ենք նմանատիպ մի շարք հայտարարություններ ինչպես փորձագետների, այնպես էլ Հայաստանի պաշտոնական անձանց կողմից, այդ թվում՝ օրինակ՝ Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի։

Հիշեցնեմ, որ «հիբրիդային պատերազմների» գաղափարը հորինել են և անմիջապես գործնականում սկսել են կիրառել ամերիկացի ռազմական տեսաբանները։ Վերջերս Հայաստանի հարևան Վրաստանում «համատեղ Արևմուտքի» երկրները կրկին դրսևորեցին իրենց ամբողջ «հիբրիդային շքեղությամբ»․ կոպտորեն միջամտեցին ներքաղաքական գործընթացներին, հրահրեցին «մայդանային» տրամադրություններ, զրկեցին Թբիլիսիին զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու ազատությունից, զբաղվեցին բացահայտ քաղաքական շանտաժով՝ սպառնալով զրկել նույնիսկ արդեն իսկ պատրանքային եվրոպական հեռանկարից։

Մեզ համար նման մոտեցումը օտար է։ Մենք միշտ հարգել ենք և շարունակելու ենք հարգել յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ հանրապետությունում հետապնդվում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցները՝ կարծես նույն սցենարով, որը վերջին տարիներին կիրառվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։

Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայկական գործընկերների հնարավոր մտահոգությունները թե՛ խորհրդարանական մակարդակով, թե՛ մեր կողմից առաջարկված՝ համապատասխան գերատեսչությունների միջև խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ ռուսաստանյան-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվական ֆոնը շտկելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հարցուպատասխանում։

Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ եղել է և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը և հիշեցրել, որ Մոսկվան առանց հապաղելու օգնության է եկել եղբայրական ժողովրդին։

«Վերջին օրինակներից մեկը՝ 2024 թվականի հունիսին ռուս մասնագետները ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնեցին երկրի հյուսիսում հեղեղներից վնասված երկաթուղային ճանապարհը։

Այս տարվա նոյեմբերին ամենակարճ ժամկետներում կազմակերպվել է մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումը՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով բացված երկաթուղային երթուղով։ Առաջին խմբաքանակը ժամանել է նոյեմբերի 6-ի գիշերը։

Նշենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ստեղծված Երեքկողմ աշխատանքային խմբի շրջանակում նախկինում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների պայմանավորվածությունների շնորհիվ։

Մասնակցելով հիշյալ հարավկովկասյան հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին՝ Ռուսաստանը մշտապես հետևողականորեն առաջնորդվում է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերին դեռ պետք է ժամանակը փորձի ենթարկի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել