Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և վերնագրել «Երկուշաբթի»: Տեսանյութի համաձայն՝ Փաշինյանն աշխատանքի է գնացել հանրային տրանսպորտով՝ ավտոբուսով, զրուցել քաղաքացիների հետ: Տեսանյութում քաղաքացիներից մեկը փողոցում Փաշինյանին նամակ է փոխանցում, ինչը զարմանալի է, քանի որ անհասկանալի է, թե որտեղից նա գիտեր, որ կառավարության ղեկավարն անցել է այդ հատվածով։ Փաշինյանի տեսանյութին արձագանքել են նաև քաղաքացիները։ «Քիչ առաջ ես ու Նիկոլ Փաշինյանը քաղաքային տարբեր տրանսպորտ էինք նստել։ Իմ նստած տրանսպորտում մարդկանց շատությունից անգամ դռները չէր փակվում, Նիկոլի նստած տրանսպորտում անգամ իր ախրանան էր տեղավորվել։ Այսպես ապրում ենք մեր դառը բայց իրական ու նիկոլական կեղծ Հայաստանում։ Ամեն տեղ խաբում են ։ Ամենամեծ խաբեության ժամանակներն ենք ապրում»,- գրել է օգտատեր Ռուզան Ավետիսյանը։ Նա միևնույն ժամանակ Վաղարշապատի բնակիչներին կոչ է արել զգոն լինել։
Ձերբակալվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն ու նրա որդին, կալանքի միջորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել են: Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը»։ Զոհրաբյանը նշել է, որ որևէ նման բան չի եղել: Դատարանը Վեհափառի եղբորը և եղբորորդուն կալանավորելու միջնորդությունը կքննի առաջիկա ժամերին։
Փրկարարները երեկ հայտնաբերել են Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ ՆԳՆ-ից այս կապակցությամբ հայտնել էին, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ Այսօր արդեն նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ սեփական հայրն է խեղդամահ արել 3-ամյա Տիգրանին։ «Շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին»,- նշել է նա։ Փոքրիկի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ինչի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ այս գործով մեկ հոգի՝ ենթադրաբար հայրը՝ Արմեն Օվանեսովը, սպանության մեղադրանքով ձերբակալված է։ Ավելի ուշ նրան կալանավորելու միջոնորդություն է ներկայացվել դատարան: 3-ամյա Տիգրանն անհետացել էր նախորդ երկուշաբթի, իրենից երկու տարով մեծ եղբոր հետ խաղալիս են եղել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն է վերադարձել, փոքրիկը՝ ոչ։ Երեխաների հորաքույրը պատմել էր, որ համր եղբայրը կոկորդն է ցույց տվել, երբ փորձել են մի բան ճշտել: 5-ամյա հաշմանադամությամբ տղան, հորաքրոջ պնդմամբ, փոքրիկի անհետանալուց հետո անհանգիստ է եղել, փոխված:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել: Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակված հերթական շինծու դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը: «Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ` մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», - իր մեղադրական ճառում ասել է Ալիևը` ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել: Վյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե իբր մեղադրյալներն անուղղակի մասնակցել են այն այսպես կոչված հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ: Ի դեպ, մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանացագորություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նրանց հետ միասին դատարանի առջև կանգնած 15 հայերի համար մեղադրողի պահանջած պատժաչափերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնկալվում է, որ նրանք հիմնականում ցմահ ազատազրկման են դատապարտվելու։
Մանրամասները՝ տեսանյութում: