Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 18:50 03-11-2025

3-ամյա Տիգրանի սպանությունը բացահայտեց երեխաների խոցելիությունը և պետության անգործությունը

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության դեպքը շարունակվում է լրջորեն ցնցել հասարակությանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր հայտնել է, որ նախնական տվյալներով, երեխայի հայրը խեղդամահ անելով սպանել է 3-ամյա Տիգրանին։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ պետության վերահսկողական գործառույթը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս արդյունավետ չի գործում․

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության ուղիղ պարտավորությունն է՝ սկսած ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայից մինչև ներպետական օրենսդրություն։ Սակայն պետությունը հաճախ միայն արձանագրում է, որ երեխան ընտանիքում է մեծանում, բայց չի գնահատում՝ արդյոք այդ ընտանիքը ապահով միջավա՞յր է երեխայի զարգացման համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ սոցիալական աջակցությունը հիմնականում դիտարկվում է ֆինանսական տեսանկյունից, մինչդեռ այն պետք է ներառի նաև ոչ նյութական բաղադրիչներ՝ հոգեբանական աջակցություն, դրական ծնողավարության խրախուսում և երեխայի անվտանգ միջավայրի ապահովում։

Պետության վերահսկողական մեխանիզմները երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են մի շարք կառույցների միջոցով՝ հիմնականում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, կրթական հաստատությունների, ոստիկանության և խնամակալության մարմինների։ Այս կառույցները համագործակցելով՝ ապահովում են երեխաների իրավունքների պաշտպանությունը և արձագանքում բռնության կամ անտեսման հնարավոր դեպքերին։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ծափաթաղի համայնքապետի հետ։ Նա սկզբում տարակուսանք հայտնեց, թե ինչու պետք է համայնքապետը մանրամասն տեղյակ լինի աշխատակիցների աշխատանքից, այնուհետև նշեց, որ ընտանիքը գտնվել է մշտադիտարկման ներքո․
«Մշտադիտարկում եղել է, ընտանիքը եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Սակայն մենք չենք ունեցել ահազանգեր կամ նշաններ, որոնք կհուշեին նման վտանգի մասին»,- ասաց համայնքապետը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի հետ՝ հասկանալու, թե որտեղ է թերացել պետությունը, և որ մարմինը պետք է առավել հետևողական լիներ ու փորձեր կանխել նման դեպքը։

«Այո, տվյալ ընտանիքը գտնվում էր Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում։ Այն նախկինում էլ հաշվառված էր որպես անապահով ընտանիք և ստացել է պետական տարբեր աջակցություններ՝ այդ թվում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ աջակցություն (50․000 դրամ), ինչպես նաև անապահովության գնահատման հիման վրա տրամադրվող սոցիալական նպաստներ»,- նշեց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ծառայությունը պարբերաբար տնայցեր է իրականացրել ինչպես մինչև երեխայի անհետացումը, այնպես էլ դեպքից հետո։

«Ներկայում մեր աշխատակիցները համայնքի և այլ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ աշխատում են ապահովելու ընտանիքում մնացած երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը»,- ասաց նա։

Կոստանյանը նշեց նաև, որ խնամատարության և ծնողական իրավունքների հարցերը գտնվում են նաև համայնքների իրավասության ներքո․

«Սակայն դա չի նշանակում, թե նախարարությունը հարցը թողնում է միայն համայնքին։ Մենք մշտական կապի և համատեղ աշխատանքի մեջ ենք տեղական կառույցների հետ։ Պետք է արձանագրել, որ պետական համակարգը ֆիզիկապես չի կարող յուրաքանչյուր ընտանիքի կողքին մշտապես ներկայություն ապահովել։ Այս գործում մեծ է համայնքի և յուրաքանչյուր քաղաքացու դերակատարությունը։ Եթե նկատվում է, որ երեխայի շահը վտանգված է, ապա անհրաժեշտ է անհապաղ ահազանգել իրավապահ կամ սոցիալական մարմիններին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը մոտ 18:00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 2022 թվականին ծնված բնակիչ Տիգրան Օվանեսովը, ժամը 16:30-ի սահմաններում անհետացել է։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի (սպանություն) հատկանիշներով։ Մի քանի օր անց 3-ամյա երեխայի մարմինը հայտնաբերվել էր դաշտամիջյան հատվածում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից