Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ավետիսյանի կողմից երեկ մատուցվեց երկրորդ «պատարագը», որին մասնակցելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին «կեղծ» պատարագից հետո համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ դաջվածքով դպիրը, որն, ինչպես ավելի ուշ պարզվեց, ՔՊ Երիտասարդական կառույցից Ռաֆայել Ջուլհակյանն է, օրեր առաջ էլ մասնակցել էր ՔՊ երիտասարդական կառույցի անդամների ու ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած ֆուտբոլային խաղին։ Նշենք, որ նոյեմբերի 2-ի «պատարագին» դաջվածքով դպիրը դարձյալ մասնակցում էր։
Պարզվում է՝ երեկվա կեղծ «պատարագին» կարգալույծ քահանայի կողքին կանգնած արտասովոր դեմքը դաջվածքով դպիրը չէր միայն։
Լրագրող Վահե Մակարյանը սպասավորներից մեկի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա ատամնաբույժ է, իսկ թե ինչ կապ ունի պատարագի հետ, դեռևս անհայտ է։

Բայց սա դեռ ամենը չէ․ կեղծ «պատարագի» սպասավորներից մեկն էլ կոմիկ է՝ Գուրգենը, ով վերջերս մասնակցել է նաև հումորային հաղորդման ու կիսվել իր խնդիրներով՝ բաց քննարկմամբ փորձելով լուծում տալ դրանց։ Եվ ինչպես ինքն է ներկայացնում՝ հանդիսանում է «Secret rooms»-ի «աշխատացնողը»։

Կարգալույծ արված քահանա, դաջվածքով սպորտսմեն, ատամնաբույժ ու կոմիկ․ հավանաբար հենց սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած իրական պատարագի կազմը, որով էլ, ինչպես վարչապետն է նշում, պատրաստվում են շարժվել դեպի Մայր Աթոռ։