Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:30 31-10-2025

Ո՞վ է դրդում ընդդիմությանը հանձնվել՝ առանց մարտի

Նախորդ հոդվածում նշել էի, որ Դավիթ Համբարձումյանի հայրենիք վերադարձի ու կալանավորման թեման կարևոր է քաղաքական ավանդույթի ձևավորման առումով և ունի երկու երես։ Ստորև էլ կդիտարկենք թեմայի երկրորդ երեսն, այսինքն՝ ո՞վ կամ ի՞նչն է դրդում ընդդիմադիր գործչին, իշխանափոխության ջատագով ներկայացողին հանձնվել՝ առանց դիմադրության, ինչպես ասում են՝ առանց մարտի։

Այս հարցում հանրային կարծիքերը ևս երկփեղկված են։

Ոմանք կարծում են, թե նորմալ է, երբ ընդդիմադիր գործիչը, իշխանության կամ իշխանափոխության ձգտողը հանձնվում է, երբ իշխանությունները քրեական հետապնդում են սկսում, մեղադրանք ներկայացնում, դատավճիռ ընդունում։ Այսինքն՝ մարդիկ օրինապահ կեցվածք են ընդունում, հարգում իրավապահ մարմնի, դատարանի որոշումը, նույնիսկ կալանավորվելու կամ ազատազրկվելու որոշումը։

Սրանից զատ՝ հանձնվելով, նրանք հայտնվում են հանրային ուշադրության կզակետում, վայելում շատերի համակրանքը։ Իսկ բանտից էլ կարողանում են նամակներ, ուղերձներ հղել։ Այսինքն՝ ցույց են տալիս, որ անընկճելի են, համառ, փորձությունից չեն կոտրվում, պայքարը մինչև վերջ հասցնելու խիզախություն ունեն։ Այսպիսով՝ ձևավորվում է ավանդույթ, որ քաղաքական գործիչը պետք է չխորշի հետապնդումից, կալանքից, ազատազրկումից, այլ անցնի դատարաններով, բանտերով ու գա, հասնի իշխանության, իրագործի իր գաղափարները։

Հայաստանի անկախության համար պայքարի պատմությունից գիտենք, որ խորհրդային բռնազավթման տարիներին Ազգային միացյալ կուսակցության անդամները ևս չէին փախչում հետապնդումից։ Ավելին՝ ոմանք կարծում էին, թե ինչքան շատ մարդիկ լցվեն բանտերն, այնքան շատ մարդիկ կիմանան Հայաստանի անկախության պայքարի մասին, իսկ իշխանություններն ավելի շատ կվախենան անկախության համար պայքարող կուսակցությունից։ Այդ ամենն իրոք նպաստել է անկախության գաղափարի տարածմանն ու անկախության պայքարի հաղթանակին։

Սակայն պատմական այս օրինակը ներկա իրավիճակում պրոյեկտելի չէ, քանի որ ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է, որտեղ քաղաքական, քաղաքացիական ազատություններ կան, իշխանությունը ձևավորվում է ժողովրդավարական, ազատ ընտրություններով։ Այսինքն՝ քաղաքական նպատակին հասնելու ժողովրդավարական ճանապարհներ կան։ Ընդդիմության կարծիքով՝ այսօր մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան։ Հարկ է հաշվի առնել նաև, որ ազատ աշխարհը չի պաշտպանում նրանց ու երես չի թեքում Նիկոլ Փաշինյանից։ Այսինքն՝ եթե խրհրդայն բռնազավթման տարիներին հանձնվելու մարտավարությունն արդարացված էր, ապա այսօր չի նպաստում քաղաքական պայքարի հաղթանակին։

Հանրության մի մասը ողջամտորեն կարծիք է հայտնում, թե ներկա քաղբանտարկյալներից շատերը կարող էին չհանձնվել, թիմակիցների աջակցությամբ ցույցեր կազմակերպել, քաղաքական նպատակները շաղախել իրենց իրավունքների պաշտպանության խնդրի հետ, դարձնելով մեկ ամբողջություն, հասնելով շոշափելի հաջողությունների։

Օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե Միքայել Սրբազանը չհանձնվեր, հանրային աջակցությամբ պաշտպանվեր ոչ թե մի քանի ժամ, այլ շատ երկար ժամանակ։ Չի բացառվում, որ իշխանություները բռնություն չկիրառեին ժողովրդի դեմ, հաշվի առնեին Միքայել Սրբազանի մեծ ժողովրդականությունը, նրան չկալանավորեին ու չազատազրկեին։ Կամ ի՞նչ շահեց Դավիթ Համբարձումյանը հանձվելով։ Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, թե դատարանն անկախ չէ, կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը։ Եթե այդպես է, ապա իրենց անպարտ ճանաչող ընդդիմադիրներն ինչո՞ւ են այդ անարդար վճիռները ճանաչում ու կամավոր հանձնվում։

Ինչքան անտրամաբանական են ՔՊ-ական իշխանությունների կողմից քաղաքական հանիրավի հետապնդումներն ընդդիմադիր գործիչների, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, նույնքան անհասկանալի է, թե ինչո՞ւ ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց հետապնդման առիթն ու հանրային աջակցության ցույցեր չեն կազմակերպում։ Գուցե աջակցության ցույցերը վերաճեին մեծ շարժումների ու հանգեցնեին Փաշինյանի հրաժարականի։ Ինչո՞ւ ընդդիմադիր ուժերն այդպիսի ռիսկերի չեն դիմում։

ՔՊ-ական իշխանությունների համար, հավանաբար, ևս անհետաքրքիր է, երբ ընդդիմադիր գործիչները հանձնվում են առանց դիմադրության, խոնարհաբար ճանաչում իրենց նկատմամբ ընդունված անարդար վճիռները։ Չի բացառվում, որ իշխանություններն ինչ-որ ժամանակ անց, ինչպես ասում են՝ «կհոգնեն ու յան կտան»։ Գուցե սա՞ է հանձնվելու մարտավարության հաղթանակի բանաձևը։

Ի վերջո՝ թեման փակվում է դավադրության տեսության վարկածով, ըստ որի՝ ինչ-որ մութ ձեռք է դրդում Փաշինյանին բռնաճնշումներ կիրառել։ Նույն մութ ձեռքը նաև դրդրում է ընդդիմադիր գործչին հանձնվել, լցնել բանտերը։ Այսպիսով՝ նույն թելով խաղացողները ձեռք-ձեռքի փորձում են ստեղծել պատկեր, թե ՀՀ-ում շատ-շատ քաղբանտարկյալներ կան, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie