Ներքին 1 տարի առաջ - 13:32 29-10-2025

ՆԳ նախարարն ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նախարար Սարգսյանը բարձր գնահատելով արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատել է այն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Ընդգծելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը՝ նախարարը կարևորել է աշխատակիցների մասնակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության վերապատրաստման դասընթացներին ու գիտաժողովներին:

Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն տարածաշրջանում միակ միջազգային լիցենզավորված կայանն է, որը ստացված տվյալները արբանյակային կապով իրական ժամանակում փոխանցում է Միջազգային տվյալների կենտրոն, ինչի շնորհիվ ապահովվում է համաշխարհային սեյսմիկ դիտարկումների և միջուկային փորձարկումների վերահսկման գլոբալ համակարգում Հայաստանի մասնակցությունը։

Ռոբերտ Ֆլոյդը ողջունելով 2026 թվականին տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկի ընդունումը՝ նշել է, որ մասնակից երկրների ներկայացուցիչների համար այն կլինի միջազգային մշտադիտարկման համակարգի, ազգային տվյալների կենտրոնների ծառայությունների քննարկման, ինչպես նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ:

Ռոբերտ Ֆլոյդի խոսքով՝ Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է։ Դրական գնահատելով Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ նա կարևորել է Ազգային տվյալների կենտրոնով Հայաստանի ներկայացվածության ապահովումը համակարգում։

Ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել Արփինե Սարգսյանին՝ ընդգծելով Գառնիի սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալները, որոնք թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը շնորհակալություն են հայտնել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը՝ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը