«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր, բժիշկ Ծաղիկ Վարդանյանին նշանակել են «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի կառավարիչ։ «Մենք ֆիրմայով վերցրել ենք կառավարումը։ Մշտադիտարկում ենք անում հիմա, որից հետո պարզ կլինի՝ կնքո՞ւմ ենք պայմանագիր, թե՞ ոչ։ Այս պահին մոնիթորինգ եմ անում, իսկ կառավարումը այս մոնիթորինգի ֆունկցիաներից մեկն է։ Ինձ ոչ մի նոր պաշտոնի չեն նշանակել, ոչ էլ խոստացել են։ Ես, այո՛, «Բեսթ լայֆ»-ում եմ լինում, մենք համագործակցում ենք, բայց ես իրենց աշխատողը չեմ»,- նշում է Վարդանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Armlur.am-ը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան ու կալանավորել ռեկտորին, նրա տեղակալին ու մի քանի աշխատակիցներին: Այնուհետեւ կոմիտեն պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանն ու պրոռեկտոր Մարինա Հարությունյանը եւ էլի մի քանի աշխատակիցներ: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սա ուղիղ «հարված» է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, քանի որ ռեկտորը եւ նրա տեղակալը նախարարի ամենամտերիմ ընկերուհիներն են, ու Անդրեասյանի երաշխիքով են նրանք նշանակվել այդ պաշտոններում: Ավելին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ժաննա Անդրեասյանն է, ու սա նշանակում է, որ նրա ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է, եւ ինքը, որպես հոգաբարձուների խորհրդի, ղեկավար պարտավոր է տիրապետել իրավիճակին: Ըստ Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանը Անդրեասյանի աշխատանքից գոհ է ու նրա հետ լավ հարաբերություններ ունի, չի կարող այս ամենն անհետեւանք թողնել: Վարչապետը հանձնարարել է մանրամասն զեկուցել, թե այդ ինչ իրավիճակ է համալասարանում, որից հետո պետք է որոշում կայացնի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված եւ բարձր պաշտոնի հասած այլ անձինք էլ առաջիկայում կձերբակալվեն»։
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նոր մրցույթ է նշանակվել՝ նոյեմբերի 14-ին, առաջադրումների փուլն ավարտվել է Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։ Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորը առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, եւ հենց այդ պատճառով էլ 0.11 միավոր պակաս գնահատեցին, որ Նարեկ Զեյնալյանը կտրվի քննությունից։ Հիմա Զեյնալյանը մրցակիցներ չունի, ինչից կարելի է եզրակացնել, որ Ավանեսյանին ասել են՝ «հանգիստ նստի տեղդ»․ Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա։
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։ Մի առիթով գրել ենք, որ Մելքոնյանի բարոյական նկարագիրը եւս քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում` ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։ Պարզվում է, որ համակարգում Մելքոնյանը սպիիտակ ագռավի կարգավիճակ ունի` նրանից երես են թեքել երբեմնի ընկերները, չեն շփվում հետը։ Բոլորին կալանք տալու նրա որոշումները դատավորները մերժում են, անգամ վաղեմի ընկերներն են խուսափում շփվել նրա հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: