COVID-19-ով հիվանդացած բազմաթիվ մարդկանց մոտ առաջանում է օստեոնեկրոզ կամ ոսկրային ինֆարկտ, սկսում է քայքայվել կոնքազդրային հոդերի ոսկրային հյուսվածքը։
Եվ եթե նախկինում ազդրոսկրի օստեոնեկրոզը հիմնականում կապված էր վնասվածքների, հորմոնների բարձր չափաբաժինների երկարատև ընդունման կամ ալկոհոլիզմի հետ, ապա այժմ դրա հետ կարող են բախվել նրանք, ովքեր կորոնավիրուսային վարակ են տարել նույնիսկ թեթև ձևով և չեն ունեցել ուղեկցող պաթոլոգիաներ։
Սեչենովի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել, թե ինչպես է COVID-19-ով հիվանդացած մարդկանց մոտ օստեոնեկրոզ առաջանում, որն է այդ երեւույթի պատճառը եւ հնարավոր է արդյոք կորոնավիրուսից հետո կանխարգելել կամ դադարեցնել ոսկրային հյուսվածքի քայքայումը:
Այն հիվանդների մոտ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և որոնց մոտ հետագայում ախտորոշվել է ազդրոսկրի օստեոնեկրոզ, բժիշկները գրանցել են պարարտ բջիջների աննորմալ ակտիվություն: Նրանց հոդերում COVID-19-ով պարարտ բջիջների կոնցենտրացիան 9 անգամ ավելի բարձր է եղել, քան այլ գործոններով պայմանավորված օստեոնեկրոզով հիվանդների մոտ:
Գիտնականների համոզմամբ ՝ SARS-CoV-2 վիրուսի ազդեցության տակ պարարտ բջիջներն ակտիվանում են և ռեակցիաների վտանգավոր շղթա են առաջացնում։ Ի պատասխան օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների՝ նրանք սկսում են զանգվածաբար արտազատել հակաբորբոքային նյութեր՝ հիստամին, տրիպտազ և ինտերլեյկիններ։
Հետկովիդային սինդրոմը, ինչպես պարզել են ռուս գիտնականները, 5,6 անգամ ավելացնում է հյուսվածքների ֆիբրոզի ծավալը եւ ավելի մասշտաբային դարձնում ոսկորների քայքայումը: Բացի այդ, COVID-19 — ով հիվանդացածներիմոտ 2,6 անգամ ավելի հաճախ են թրոմբոզներ հանդիպում. արյան մատակարարման բացակայության պատճառով սպիներով ծածկված ոսկրային հյուսվածքը նույնպես սկսում է անդառնալիորեն քայքայվել ։
«Պոտենցիալ ռիսկային խումբը մասշտաբային է և ներառում է COVID-19-ով հիվանդացածներին՝ անկախ հիվանդության ծանրությունից, սեռից եւ տարիքից։ Մեր ուսումնասիրությունը ներառում է 22-ից 70 տարեկան հիվանդների», - պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը, Սեչենովի համալսարանի վերականգնողական բժշկության ինստիտուտի թվային մանրադիտակային վերլուծության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիոլոգ Նատալյա Սերյոժնիկովան:
«Ոսկրային հյուսվածքների ախտահարման մասին կարող է վկայել կոնքազդրային կամ այլ խոշոր հոդերի շրջանում սպեցիֆիկ ցավը»,- նշել է Սերյոժնիկովան։ Նա ընդգծել է, որ ցավային զգացողությունները կարող են աճել շարժման եւ այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։
Ցավը սկսվում է հանկարծակի, հաճախ նորմալ ինքնազգացողության ֆոնին, չի ուղեկցվում այտուցով և բնութագրվում է համառությամբ՝ չնայած իրականացվող բուժմանը: Սերյոժնիկովայի խոսքով՝ հիվանդության զարգացման հետ մեկտեղ առաջանում է շարժունակության սահմանափակում։ Սկզբում հիվանդի համար դժվար է դառնում պտտել ոտքը, հատկապես ցավը զգացվում է դեպի ներս ծալելիս, այնուհետև ոտքը մի կողմ քաշելիս,կամ այն թեքելիս: Անհանգստությունը անտեսելու հետևանքով կարող է զարգանալ քրոնիկ ցավ, մկանների ատրոֆիա և հոդի շարժունակության զգալի սահմանափակում:
COVID-19-ի հետևանքով առաջացած օստեոնեկրոզի բուժման եղանակների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ դեռևս չկան: