Ներքին 1 տարի առաջ - 18:00 09-10-2025

Վահրամ Սահակյանը կրթվեց ու դաստիարակվեց․ Ոստիկանության արգասավոր աշխատանքը

Հայաստանի Հանրապետությունում չկա ավելի արդյունավետ «կրթամշակութային» ինստիտուտ, քան Նիկոլ Փաշինյանի բարեփոխած Ոստիկանությունը։ Համենայնդեպս մեր երկրում ոչ մի բեմ, թատրոն կամ մշակութային հաստատություն չկարողացավ այնքան արդյունավետ վերակերտել հայ արվեստագետի դեմքը և ամենակարևորը կրթել նրան, ինչպես դա արեց մերօրյա Ոստիկանությունը՝ դերասան և թատերագիր, նախկինում նաև թունդ «քֆուրչի» Վահրամ Սահակյանի դեպքում։

Սահակյանը նախկինում հայտնի էր իշխանություններին ուղղված իր սուր քննադատություններով ու հայհոյախառն ելույթներով, որոնք բառացիորեն շշմեցնում էին հասարակությանը։ Նրա քննադատություններն էլ ավելի խիստ հնչերանգ ստացան, հատկապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո, և նա այն քիչ համարձակ արվեստագետներից էր, ովքեր համարձակվում էին խոսել և առարկայական գնահատականներ տալ երկրում ստեղծված իրավիճակին։

Բայց մի սքանչելի օր, երբ Վահրամ Սահակյանն արվեստի ակադեմիա հրավիրվելու փոխարեն Ոստիկանություն հրավիրվեց, ամեն բան կտրուկ փոխվեց։ 2025 թվականի հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն։

Թեպետ սկզբնական օրերին Սահակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքում էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, սակայն հետագայում նա սկսեց խորհրդավոր լռություն պահպանել, ինչպես նաև խուսափել լրատվամիջոցների հետ շփումից։ Ակնհայտ էր, որ Սահակյանը հրավիրվել էր Ոստիկանություն, որտեղ նրան յուրօրինակ ձևով «կրթեցին», «ներշնչեցին» ու ամենակարևորը՝ «դաստիարակեցին», իսկ թե ինչ մեթոդներով՝ թողնում ենք մեր ընթերցողների երևակայությանը։

Ոստիկանություն այցից հետո Վահրամ Սահակյանը ոչ միայն այլևս չի հայհոյում իշխանությանը՝ ո՛չ բեմում, ո՛չ դրանից դուրս, այլ նաև երբեմնի «քֆուրչին», իշխանությունը հայհոյելու «արվեստի մաեստրոն» հանրությանը հրամցնում է մի նոր ներկայացում, որը կրում է «Ապաքաղաքական» անունը։ «Այլևս ո՛չ մի քաղաքականություն, ո՛չ մի քննադատություն, ո՛չ մի հայհոյանք իշխանության հասցեին»,- հավանաբար իր ներսում նման որոշում է կայացրել Սահակյանը՝ Ոստիկանության կողմից իրականացրած կրթադաստիարակչական աշխատանքներից հետո՝ դառնալով բոլորովին ուրիշ մարդ՝ «կուլտուրական» և լուռ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Վահրամ Սահակյանից, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավին նաև Ոստիկանությունն է միացել, որը ոչ միայն «կրթում է» իր «շահառուներին», այլ նաև «դաստիարակում»։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ Ոստիկանությունն իր այս առաքելությունը հաջողում է՝ հաշվի առնելով այն դրական արդյունքը, որը հանրությունը նկատում է երբեմնի «քֆուրչու» մոտ։

Մյուս կողմից ողջամիտ հարց է ծագում՝ ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ մեր թատրոնները, եթե ունենք Ոստիկանություն։ Միգուցե պարզապես անհրաժեշտ է մշակութային անհնազանդ գործիչներին ռեժիսորի փոխարեն մեկ օպերատիվ աշխատակից կցել։ Սահակյանի դրական փորձը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ դրա արդյունքում կունենանք մշակութային նոր վերածնունդ՝ առանց անհարմար ճշմարտությունների։

Ինչ վերաբերվում է Վահրամ Սահակյանին, ապա նրան հաջողություն ենք մաղթում իր նոր ապաքաղաքական, բայց «դաստիարակված» ստեղծագործական ուղիում։ Չենք բացառում, որ Աննա Հակոբյանը առաջիկայում Վահրամ Սահակյանին կհրավիրի «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում դասախոսություն կարդալու, և նա դաստիարակվելու իր դրական փորձով կիսվի ունկնդիրների հետ։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ձեզ գուցե հետաքրքրի