copy image url
Մշակույթ 1 ամիս առաջ - 18:30 01-10-2025

Ազնավուրն ապրում է իր երգերում ու ֆիլմերում․ այսօր շանսոնյեի մահվան 7-րդ տարելիցն է

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրանում է ֆրանսահայ լեգենդար շանսոնյե, երգահան, դերասան, հասարական գործիչ Շառլ Ազնավուրի մահվան 7-րդ տարելիցը: Ազնավուրը հեռացավ կյանքից 2018 թվականին՝ թողնելով հսկայական ժառանգություն՝ ինչպես երաժշտության, այնպես էլ կինոյի բնագավառում:

Ազնավուրը ծնվել է 1924 թվականին Փարիզում՝ ցեղասպանությունը վերապրած հայ գաղթականների ընտանիքում։ Վաղ տարիքից հաղորդակից լինելով արվեստին՝ նա իր կյանքի ընթացքում հեղինակել և կատարել է ավելի քան հազար երգ, որոնք դարձել են համաշխարհային հիթեր. «La Bohème», «Hier encore», «She», «Emmenez-moi» և տասնյակ այլ ստեղծագործություններ, որոնք այսօր էլ շարունակում են հուզել և ներշնչել միլիոնավոր մարդկանց։

Ազնավուրը միայն երգիչ չէր․ նա նաև տաղանդավոր դերասան էր։ Կինոյում հանդես գալով ավելի քան 60 ֆիլմերում՝ Ազնավուրին հաջողվել է կերտել հիշարժան կերպարներ։ Նրա դերակատարումները տարբեր ժանրերում ընդգծում էին նրա բնական արտիստիզմը։ Ազնավուրի կինոկարիերայում հատկապես կարևոր տեղ է զբաղեցնում Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմում նրա դերակատարումը։ Ազնավուրը նկարահանվել է նաև Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ», Ատոմ Էգոյանի «Արարատ» և մի շարք այլ նշանավոր ֆիլմերում։

Կինոյում հանդես գալը նրա համար պարզապես դերակատարում չէր․ Ազնավուրը բեմից և էկրանից նույն ոճով էր արտահայտում իրեն բնորոշ անկեղծությունն ու խորությունը։ Նրա խաղը համեստ էր, բայց՝ տպավորիչ և կրում էր ճիշտ նույն նրբագեղ-մելանխոլիկ երանգը, ինչ նրա երգերը։

Համաշխարհային փառքի և ճանաչմանը զուգընթաց՝ Ազնավուրը երբեք չմոռացավ իր հայկական ծագումը։ 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա ստեղծեց «Ազնավուրը՝ Հայաստանի համար» հիմնադրամը՝ մեծածավալ օգնություն ցուցաբերելով հայրենիքին։ Հայտնի համաշխարհային երգիչների կողմից կատարվող Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը դարձել էր երկրաշարժից հետո Հայաստանին օգնելու միջազգային ջանքերի խորհրդանիշը։ Ազնավուրը 2009-ին նշանակվեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում։

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ։ «Մի համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողեք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»... ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար»,- «Ազնավուրն Ազնավուրի մասին» ինքնակենսագրական վեպում անկեղծացել է շանսոնյեն:

Այսօր էլ՝ իր մահվանից յոթ տարի անց, Ազնավուրը շարունակում է ապրել իր երգերի ու ֆիլմերի միջոցով։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում, վերհիշում և գնահատանքի են արժանացնում Ազնավուրին:

Շառլ Ազնավուրին հաջողվել է համատեղել երաժշտությունը, կինոն և հայրենասիրությունը՝ սերունդներին թողնելով անսպառ մշակութային ժառանգություն։

Էլեն Դանիելյան

Ամենից շատ դիտված