Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 20:00 25-09-2025

Կաշառք ստանալիս ձերբակալված պաշտոնյան վերականգնվել է աշխատանքի․ նա փող կստանա նաև «պարապուրդի» համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2020 թվականի 19-ին բացահայտել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի՝ տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստը: Ըստ ԱԱԾ-ի հաղորդման՝ հիշյալ ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

ԱԱԾ-ն հայտնել էր, որ պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ 3 մլն 300 հազար դրամ։ Ընդ որում, փորձագետը 2020-ի փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակին հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։



Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձերբակալված փորձագետը Զարուհի Զուռնաչյանն է։ Ձերբակալությունից հետո Զարուհի Զուռնաչյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունից մենք պարզեցինք, որ 2020-ի ապրիլի 14-ին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով, և նա ազատ է արձակվել: Ավելի ուշ՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին դատարանի կողմից Զուռնաչյանի, ինչպես նաև գործող անցնող մյուս մեղադրյալների խափանման միջոց է սահմանվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2021-ի նոյեմբերի 9-ից մեկնարկել է այս գործով բուն դատավարությունը, որի ընթացքում որոշվել է նաև մեղադրյալների նկատմամբ սահմանված խափանման միջոցը թողնել անփոփոխ։ Զարուհի Զուռնաչյանի և մյուս մեղադրյալների գործով դատավարությունն առ այսօր շարունակվում է, իսկ նախորդ 4 տարում դատական նիստերը երբեմն կայացել են, երբեմն էլ՝ ոչ՝ ամենտարբեր պատճառաբանություններով՝ մեղադրյալների դիմումների, պաշտպաններից մեկի առողջական խնդիրների, ապացույցների ուսումնասիրությունների անհնարինության և այլն։ Դատական վերջին նիստը կայացել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին, այսպիսով՝ դատավարությունը դեռ շարունակվում է, և օրինական կարգով ուժի մեջ մտած դատավճիռ առ այս պահը չկա։

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն ահազանգում են՝ չնայած այս իրողությանը, Զարուհի Զուռնաչյանը վերականգնվել է իր պաշտոնում, ինչը նախարարությունում լուրջ դժգոհություններ է առաջացրել։ Ահազանգի իսկությունը պարզելու համար կրկին ուսումնասիրեցինք «Դատալեքս»-ում առկա տեղեկատվությունը, ինչից, մեղմ ասած, զարմացանք․

Մասնավորապես՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Զարուհի Զուռնաչյանը դատական հայց է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դեմ՝ պահանջելով իրեն աշխատանքի վերականգնել և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձել։ Հայցադիմումի մեջ Զուռնաչյանն ու իր պաշտպանները պնդում են, որ այն բանից հետո, երբ նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, «վերացել են հայցվորի (Զուռնաչյանի-խմբ․) աշխատանքային պարտականությունների ժամանակավոր դադարեցման հիմքերը», ուստի ՊՈԱԿ-ը պետք է վերջինիս վերականգնի իր պաշտոնում, սակայն հրաժարվում է դա անել։

Շուրջ մեկուկես տարի շարունակվող դատավարությունից հետո՝ 2023 թվականի մարտի 30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` դատավոր Ա․ Պետրոսյանի նախագահությամբ որոշում է կայացրել Զարուհի Զուռնաչյանի հայցը բավարարել մասնակի։ Ըստ այդմ՝ որոշվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ Զուռնաչյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը` սկսած 10.04.2020 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ նրան աշխատանքի վերականգնելու պահանջի մասով հայցը՝ մերժել։

Զարուհի Զուռնաչյանին այս որոշումն ըստ էության չի բավարարել, և նա 2023 թվականի նոյեմբերի 21-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկել է որոշումը։ Զուռնաչյանի դեմ պատասխան բողոք է ներկայացրել նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 22-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահող դատավորներ Մ․ Հարթենյանի, դատավորներ Ս․ Սահակյանի և Լ․ Գրիգորյանի մասնակցությամբ որոշել է այնուամենայնիվ կաշառք ստանալու պահին ձերբակալված Զարուհի Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը բավարարել՝ պարտավորեցնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին նրան վերականգնել գլխավոր մասնագետի պաշտոնում, ինչպես նաև անփոփոխ թողնել հարկադիր պարապուրդում գտնվելու ընթացքում նրան միջին աշխատավարձ վճարելու առաջին ատյանի դատարանի ավելի վաղ կայացրած վճիռը: Միևնույն ժամանակ դատարանը որոշել է մերժել Զուռնաչյանի դեմ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պատասխան հայցը։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականի հունիսի 21-ին այս վճռի դեմ բողոք է ներկայացրել։ Ներկայումս այս գործով դատավարությունը շարունակվում է, և հաջորդ դատական հայցը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 29-ին։

Այսպիսով՝ չնայած Զարուհի Զուռնաչյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, առկա են եղել իրեղեն ապացույցներ, այնուամենայնիվ, վերջինս ոչ միայն գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, այլև հետագայում բողոքարկել է վճիռը։ Փաստացի գտնվել են այնպիսի դատավորներ, որոնք մի կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին պարտավորեցրել են Զուռնաչյանին «հարկադիր պարապուրդի» համար հարկատուների հաշվին միջին աշխատավարձ վճարել, իսկ մյուս կողմից էլ նրան վերականգնել իր պաշտոնում՝ նպաստելով նրա հետագա «բարեբեր» գործունեության համար։

Սա այն ամենն է, որը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները պետք է իմանան Նիկոլ Փաշինյանի «բարեփոխած» դատական համակարգի մասին, որի կայացրած որոշումների համար հաճախ ստիպված են լինում չափազանց թանկ վճարել։ Նշենք, որ այս դեպքը եզակի չէ․ պարզապես եզակի են լինում այն դեպքերը, որոնք հանրայնացվում են, ու հպարտ քաղաքացիները իմանում են, թե ինչ նպատակների վրա են ծախսվում իրենց վճարած հարկերը։ Զարուհի Զուռնաչյանի գործն էլ գուցե հաջողվեր ծածկադմփոց անել, եթե իհարկե Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները չհազանգեին այդ մասին։

Հավելենք նաև՝ մինչ դատական համակարգը կաշառք ստանալու պահին ձերբակալված Զուռնաչյանին վերականգնում է իր պաշտոնում և պարտավորեցնում նրան «պարապուրդի» գումար վճարել, նույն դատական համակարգը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորում ու մեղավոր է ճանաչում՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները բարձրաձայնելու համար։


Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է