Միտք Ներքին 8 ամիս առաջ - 10:05 23-09-2025

Համա՞ռ, թե՞ անամոթ. ինչո՞ւ է Փաշինյանը սիրահարի պես ձգտում հանդիպել 3 նախագահներին

Մերժումից հետո կրկին ու կրկին դիմելը համառության, անամոթության ցուցիչ է։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին ու մերժում ստացել։ Սակայն սեպտեմբերի 22-ին նա դարձյալ դիմել է երեք նախագահներին։

«Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ զինվոր չի զոհվում։ Իսկ բանավեճից փախչող եռյակը դրանից ընկճախտի մեջ է հայտնվել։ Զոհերի իրական թիվը նրանց բավարար չէ եւ առիթը բաց չեն թողնում զոհերի իրենց երազած թվերը բարձրաձայնելու, մանավանդ որ «թարսի պես» այդ թիվը չի ավելանում։ Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,- գրել է նա իր էջում։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նորից բանավեճի հրավիրում 3 նախագահներին, սա համառությու՞ն է, թե՞ անամոթություն։ Գուցե նա ուզում է ինքնահաստատվե՞լ նախկինների հաշվին։

ՔՊ-ականներն ասում են, թե Փաշինյանին հավասար են միայն նախկին երեք նախագահները։ Սա ճիշտ չէ։ Նախկին երեք նախագահներից առաջինն ու երրորդը անձնապես քաղաքական հավակնություն չեն ներկայացնում, միայն քննադատում են Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետևապես՝ իրական մրցակից չեն և հավասար չեն, նրանց հետ բանավեճը գործնական թիրախ չունի, կարող է անհետաքրքիր լինել։

Քաղաքական համայնքում բազմաթիվ հավակնոտ գործիչներ կան, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատում են իշխանություններին ոչ պակաս հիմնավոր փաստարկներով։ Փաշինյանի և նրանց բանավեճը կարող է ոչ պակաս հետաքրքիր լինել։

Փաշինյանը կուսակցության առաջնորդ է։ Այլ կուսակցությունների առաջնորդներն իրապես հավասար են Փաշինյանի հետ։ Բազմաթիվ քաղաքական առաջնորդներ հավակնում են վարչապետի պաշտոնին, քննադատում Փաշինյանին, նրա քաղաքականությունը որակում կործանարար, բարձրացնում նոր օրակարգ։ Փաշինյանի և այլ առաջնորդների բանավեճը ևս ոչ պակաս հետաքրքիր կարող է լինել։

Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանն ուզում է պարզապես շփվել նախկին նախագահների հետ, քանի որ նա բազմաթիվ հարցերում ուղիղ շարունակում է նախկինների կուրսը։ Օրինակ՝ հայ-ռուսական օրկարագը նա անխախտ է պահել, ոչ մի պայմանագիր չի լուծվել, ռուսական դոմինանտությամբ որևէ կառույցից դուրս չի եկել ՀՀ-ն, ռուսական բազան դուրս չի հրավիրվել, դեսովետիզացում, լյուստրացիա չի արվել։ Նա էլ նախկինների պես սովետը հայրենիք է համարում, Մայիսի 9-ին գնում է Մոսկվա պառադի, անտեսում Հունիսի 14-ը։ Այս ընդհանրությունն է, հավանաբար, հիմնական պատճառը, որ Փաշինյանը ձգտում է բանավիճել նախկին նախագահների հետ։ Նրանց միջավայրում նա իրեն ներդաշնակ է զգում, կարծես՝ եղբայրներով շրջապատված։

Նրանց միջև բանավեճը կարող է ստեղծել պատկեր, թե Փաշինյանն ու 3 նախագահները բնական մրցակիցներ են։ Այսպիսի բանավեճի ժամանակ կողմերը նաև միմյանց չեն կարող մեղադրել ռուսական շահերը սպասարկելու, ազգային շահերը ստորադասել մեջ։ Հետևաբար՝ այս բանավեճն ամենահարմարն է Փաշինյանի համար։

Ի վերջո՝ 2018-ին ռուսների աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն առանց նախկինների աջակցության՝ չի կարող ՀՀ-ն պահել ռուսական ազդեցության գոտում։ Թերևս՝ այս է պատճառը, որ Փաշինյանը ձգտում է նախկին նախագահներին ներքաշել մրցակցության մեջ, որ նրանց օգնությամբ կրկնի 2021-ի հաջողությունը, մնա իշխանության ու նույն ճահճում պահի Հայաստանը։

Միով բանիվ՝ ինչքան էլ տրամաբանական ու ենթադրյալ պատճառներ ու հիմնավորումներ փնտրենք այս հարցում, ակնհայտ է, որ Փաշինյանի համառությունն արդեն ծիծաղելի չէ, տպավորություն է ստեղծում, թե Փաշինյանը չի ամաչում կամ չի ընկճվում, երբ մերժում են նրան, արհամարհում նրա մարտահրավերը։ Ավելին՝ տպավորություն է, թե նա ինքնամոռաց սիրում է 3 նախագահներին, և խելագար սիրահարի պես ձգտում է հանդիպել միայն նրանց, խոսել միայն նրանց հետ, անտեսելով բազմակի մերժումներն ու արհամարհանքի ուղիղ ակնարկները։

Թաթուլ Մկրտչյան