Ուղիղ եթեր
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 21:00 22-09-2025

Ո՞ւմ են հիմարի տեղ դնում. անկախությունն ու Փաշինյանն իրարամերժ են

Քաղաքական առաջնորդի իրարամերժ վարքը ծաղր է ուղղված ժողովրդին ու աշխարհին։ Այդ պատճառով իրարամերժ բաներ ասող ու անող առաջնորդը ժողովրդականությունից զրկվում է, ուղարկվում տուն։

Նիկոլ Փաշինյանն իրարամերժ բաներ ասաց սեպտեմբերի 20-ին, ՔՊ համաժողովում։ Մի կողմից՝ նա գոռում էր, թե անկախության ջատագով է, ամեն ինչ անում է ՀՀ անկախության համար, մյուս կողմից՝ հռչակեց Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։

ՀՀ անկախությունն ու «4-րդ Հանրապետությունն» իրարամերժ են։ Անկախության նվիրյալը «4-րդ Հանրապետություն» չի կարող հռչակել։ Սա պարզ է 2+2-ի նման։ Նույնքան իրարամերժ են, օրինակ՝ նեգրերի իրավահավասարության համար պայքարն ու Լինչի դատաստանը։ Ի՞նչ կասեք այն ազգայնականին, որն ուզում է՝ իր հայրենիքը դառնա գաղութ ինչ-որ մեկի։ Կամ կարո՞ղ է բուսակերը շան մսից շաուրմա պատվիրել վեգան ռեստորանում։

Հիշենք՝ 1990-ականների սկզբին քննարկվում էր ՀՀ իրավահաջորդության հարցը։ Ոմանք առաջարկում էին, որ ՀՀ-ն հռչակվի 1918-1920-ի ՀՀ իրավահաջորդը։ Իսկ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ ՀՀ-ն Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն էր։ Այս դիրքորոշումը պնդելու համար նա ներկայիս Հայաստանը պայմանականորեն և հումորով որակեց Երրորդ Հանրապետություն, Խորհրդային Հայաստանը՝ Երկրորդ, 1918-1920-ի ՀՀ-ն՝ Առաջին։ Այդ որակումը հնչել է ՀՀ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում, առաջացնելով բոլոր ներկաների ծիծաղը։ Այսպես Առաջին նախագահի պայմանական ու հումորով ասված մի խոսքը հետագայում տեղ գտավ հանրային խոսքում։ Սակայն հարկ է նկատել, որ ՀՀ պետական, պաշտոնական որևէ փաստաթղթում Երրորդ Հանրապետություն չկա, քանի որ 2-րդը լեգիտիմ չէ։

Խորհրդային Հայաստանը պետություն չէր։ Եթե ասում են՝ 2-րդ Հանրապետություն, ապա ակամա ակնարկում են, որ անկախության համար պայքարն անհեթեթ էր, պայքարողը հիմար էր, չէր հասկանում, որ Հայաստանն անկախ է։ Այս առումով՝ Խորհրդային Հայաստանը 1918-1920-ի ՀՀ-ի ու ներկայիս ՀՀ-ի հետ մի շարքում լուրջ դասելը, թվարկելն ու հիմա էլ «4-րդ Հանրապետությունն» անելիք հռչակելը անարգանք է անկախության համար պայքարի բոլոր ժամանակների նվիրյալների հասցեին, առանձնապես՝ վերջին պատերազմների նահատակների։

Այսպես կոչված՝ «4-րդ Հանրապետության» մասին զոնդաժները սկսվեցին 1990-ականների վերջին, երբ ՀՀ-ում ստորագրություն էին հավաքում Ռուսաստան-Բելառուսին միանալու համար։ Այս փորձերը հանրային արձագանք չգտան։ Այդ թեմայով կրկին սկսեցին խոսել 2008-ին, երբ ներքին խաղաղությունը խախտված էր։ Այս անգամ էլ արձագանք չեղավ։

Ամենալուրջ հրապարակումն այս թեմայով 2021-ի հունվարին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» վերնագրով ծավալուն հոդվածն է։ «Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ»,- գրել է Արմեն Սարգսյանն իր հոդվածում։ Այս ժամանակաշրջանում ևս ներքաղաքական ճգնաժամ էր, ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանին դավաճան էր որակում։ Շատերը քննադատեցին Արմեն Սարգսյանին այս հոդվածի համար, կասկած հայտնեցին, թե նա ուզում է ՀՀ-ն դարձնել ՌԴ-ից կախյալ երկիր։ Կասկածի հիմքում նույն տրամաբանությունն էր։ Եթե նա Խորհրդային կայսրության վարչատարածքային միավորը դասում է «2-րդ Հանրապետություն» ու լեգիտիմացվում, ապա բացառված չէ, որ 4-րդը նման կարգավիճակ ունենա, 5-րդն ավելի ցածր, և այդպես շարունակ։

Անկախության համար պայքարողը, անկախությունը նպատակ, արժեք համարողը Խորհրդային Հայաստանը չի որակել պետություն, այլ ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, ինչպես եղել է իրականում։ Մեր բախտակից երկրներում, օրինակ՝ Լեհաստանում 1939-ից մինչև 1989-ը համարում են խորհրդային բռնազավթման տարիներ։ Բալթյան երկրները, Վրաստանը, Ուկրաինան նույնպես են բնորոշում խորհրդային բռնազավթման ժամանակաշրջանը։ Եթե Նիկոլ Փաշինյանն անկախության ջատագով լիներ, ապա կգիտակցեր, որ «4-րդ Հանրապետությունն» անելիք հռչակելով, լեգիտիմացնում է խորհրդային բռնազավթման շրջանը, հիմք տալով ողջամիտ կասկածի, որ Նիկոլ Փաշինյանը անկախության դեմ է։

Միով բանիվ՝ անկախությունն ու Նիկոլ Փաշինյանն իրարամերժ էին, երբ նա ֆորպոստի վարչապետ էր, իրարամերժ են, երբ «4-րդ Հանրապետությունն» անելիք են հռչակում։ Լավատեսները կարծում են, թե Փաշինյանի մոտ անձի երկվություն է, ինչը հոգեկան խնդիր է։ Իսկ հոռետեսերն էլ վստահ են, որ նա դարձյալ ժողովրդին հիմարի տեղ է դնում։

Թաթուլ Մկրտչյան