Ժողովուրդը ՀՀ նախագահին հազվադեպ է լսում, տոնից տոն։ Որպես բազմափորձ քաղաքական գործիչ, նա կարևոր ու ճիշտ բաներ կարող է ասել մարդկանց։ «Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը Սեպտեմբերի 21-ի առիթով ուղերձում։ Սա կարևոր ու ճիշտ դիրքորոշում է։ Եթե քաղաքական բոլոր գործիչներն անկախությունը դիտարկեին որպես ելակետ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր կարող ռուսների աջակցությամբ իշխանության հասնել, ֆորպոստի վարչապետ աշխատել ու բազմաթիվ աղետներ պատճառել ժողովրդին։
Հաջորդիվ նախագահը զարմանալի ու վտանգավոր բաներ է ասում՝ «Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը»։
Սա ապապետական դիրքորորոշում է։ Եվ շատ ցավալի է, որ ՀՀ նախագահն է այսպիսի բաներ ասում։
Անկախությունը միշտ և ամենուր ինքնին արժեք է եղել և կա։ Նույնիսկ Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ անկախությունը ազգային արժեքների շարքում առաջինն է։ Հաշվի առնելով ԿԳՄՍՆ առաջարկած «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը, ենթադրելի է, որ Վահագն Խաչատուրյանն առաջիկայում կզրկվի պետական ֆինանսավորումից, քանի որ նրա խոսքը հակասում է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությանը։
Եթե ինչ-որ ազդեցության գործակալ ասեր, որ «ակախությունն ինքնին արժեք չէ», ապա ինչ-որ տեղ կարելի էր ըմբռնումով վերաբերվել, ամոթանք տալ։ Սակայն երբ նախագահն է այսօրինակ վտանգավոր արտահայտություն անում, ապա մտավախություն է առաջանում, որ կարող են կրկնվել ազգային աղետները։
Իսկ որտեղի՞ց է գալիս այս ապապետական դիրքորոշումը։
Մեր պետության նավը ճիշտ ընթացքից շեղվեց 1995-ի մարտի 16-ին, երբ ՀՀ-ում տեղակայվեց ռուսական ռազմակայանը։ Սա ամենառաջին ու հիմնական նահանջն է եղել անկախությունից, որից ածանցվել են հետագա նահանջները։ Այս հիմքով աշխարհում սկսեցին կասկածել, որ ՀՀ-ն իրապես անկախ է, և ժողովուրդն իրապես ուզում է ազատ լինել։ Իսկ ՌԴ-ն կարողացավ աշխարհին ապացուցել, որ ՀՀ-ն իր ազդեցության գոտին է, քանի որ այստեղ ունի ռազմակայան, զորքեր։ Ուստի՝ կարող է որոշում թելադրել ՀՀ-ին, որոշել ՀՀ սահմանները և այլն։
ՀՀ-ում ռուսական զորքեր թողնելու սխալ որոշումից հետո է տարածվել այս ապապետական ու կործանարար տեսակետը, թե անկախությունն արժեք չէ, միջոց է։ Դրանք տարածում էին ռուսական գործակալները, ազդեցության գործակալները և քաղաքականապես տգետերը։
Հետադարձ հայացքով կարելի է ասել, որ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը ծագում է 1995-ի մարտի 16-ից։ ՀՀ-ի դեմ ագրեսիան, ՌԴ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքը չճանաչելը նույն ծիրին մեջ է։ Այսինքն՝ եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ անխակությունը ինքնին արժեք լիներ, ՀՀ-ն ղեկավարեր ոչ թե ֆորպոստի վարչապետն, այլ անկախ Հայաստանի վարչապետը, ապա չէինք պարտվի, Արցախը չէր զավթվի ու չէր հայաթափվի, ՀՀ-ից չէին կարող տարածք զավթել ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները։
Այս պարտություններից հետո ՔՊ-ական ուսապարկերն էլ են հասկացել, որ անկախությունը ինքնին արժեք է։ Սակայն ՀՀ նախագահը, որը գաղափարական առաջնորդ պետք է լիներ, փարոս ժողովրդի համար, կրկնում է նույն ապապետական դիրքորոշումը, որն այնքան կորուստ ու վիշտ է պատճառել ժողովրդին։
Միով բանիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարտավոր է բացառել այսօրինակ ապապետական բաները, որոնք վայել չեն նրա պես բազափորձ ու խելացի քաղաքական այրին։ Իսկ եթե Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ առաջնորդվող կուսակցությունը սկզբունքային գտնվի, ապա անկախությունը արժեք չհամարող նախագահին կարող է փոխարինել անկախությունը արժեք համարող նախագահով։ Այսինքն՝ Վահագն Խաչատուրյանին պաշտոնանկ անելու լեգիտիմ հիմք կա։
Թաթուլ Մկրտչյան