Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:30 17-09-2025

Կկոտրեն պոետին, կխեղեն ժողովրդին, ու կգա ոգու սով

Նոր աղետ է հասունանում՝ ոգու սով։ ԿԳՄՍՆ-ն e-draft-ում ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը, որտեղ նշվում է, որ Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիրը հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին։ Սահմանվում է, որ Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում պետք է ընկած լինեն այն գաղափարները, որոնք նպաստում են ՀՀ զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին։ Եվ ընդգծվում է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։

Դեռ 2018-ին մտավախություն կար, որ ՔՊ-ն, որպես հեղափոխական ուժ, գրաքննություն է մտցնելու։ Խորհրդային բռնազավթման ենթարկված երկրներում գեղագիտության հիմքում խորհրդային, ռուսական գաղափարներն էին ընկած։ Մնացյալն արգելված էր, խիստ գրաքննություն էր։ 1950-60-ականներին Արևելյան Եվրոպայի երկրներում ժողովրդական ապստամբությունների պահանջներից մեկը գրաքննության վերացումն էր։ Հազարավոր գրողներ, մտավորականներ են խորհրդային գրաքննության զոհ գնացել, այդ թվում՝ հարյուրավոր հայեր։ Չարենցին, Բակունցին, հարյուրավոր հայ մտավորականների սպանել են ազգային գաղափար տարածելու համար։ Ավելի շատերին հալածել են սոցռեալիզմից շեղվելու համար։

Ժողովրդավարական երկրներում գեղագիտությանն առնչվող խնդիրները դրված են քննադատների ուսերին։ Պետությունը, մեկենասները նրանց տրամադրում են էջեր, հարթակներ, ամբիոններ։ Նրանք էլ ազատորեն, համակողմանի ու հրապարակավ ներկայացնում են ստեղծագործության գրական խնդիրը, արծարծվող գաղափարը, սիմվոլիկան, առաջարկվող լուծումը, հեղինակների, կատարողների տաղանդը, վարպետությունը և այլն։ Լավ է համարվում այն ստեղծագործությունը, որի մասին շատ քննադատներ շատ կարծիքներ են հայտնել։ Իսկ քաղաքացին ազատորեն է ընտրում՝ կարդա՞լ այդ գիրքը, դիտե՞լ այդ ֆիլմը, լսե՞լ այդ երգը, թե՞ ոչ։ Այսինքն՝ ժողովրդավարական երկրում գրաքննություն չկա, գրաքննությունն ամեն դեպքում հակաժողովրդավարական է։

ԿԳՄՍՆ-ի ներկայացրած այս նախագիծը հիմք է տալու, որ գրաքննություն կիրառեն։ Այն վատ հետևանք է ունենալու և՛ ստեղծագործողի, և՛ մշակույթի, և՛ ժողովրդի համար։ Սկզբում գրաքննությունը կտարածեն պետական ֆինանսավորմամբ ծրագրերի վրա, այնուհետև, ենթադրաբար, ամենուրեք։ Այսինքն ֆինանսավորելու են ոչ թե լավ ստեղծագործությունը, տաղանդավոր ստեղծագործողին, այլ նրանց, որոնք կգովերգեն Փաշինյանին, կհանրայնացնեն նրա գաղափարները։ Եթե պոետը, երգիչը, դերասանը, նկարիչը հրաժարվեն գովերգել Փաշինյանի գաղափարներն, ապա նրանց առջև կփակվեն պետական ֆինանսավորման դռները, ու նրանց այսպես կհալածեն, մինչև կոտրելը։

Ենթադրելի է, որ շատերը չեն դիմանա ֆինանսական նեղությանը, կկոտրվեն ու կսկսեն գովերգել Փաշինյանի «հանճարը», ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին գովերգում էին Ստալինին, կամ ինչպես Մշակութային հեղափոխության ամոթալի շրջանում կարդում էին միայն Մաոյի կարմիր գրքույկը։ Գրաքննության իներցիան կա ներկայիս ՌԴ-ում ու ՉԺՀ-ում։ Քանի որ Փաշինյանը ՀՀ-ն կապել է ռուսական սայլին, ձգտում է միանալ ՇՀԿ-ին, ապա տարօրինակ չէ, որ ՀՀ-ում ևս ուզում են գրաքննություն մտցնել։

Այս նախագիծն ունի նաև գործնական նշանակություն։ Ընտրություններում մտավորականի աջակցությունը որոշիչ է, քանի որ մտավորականները ժողովրդականություն են վայելում, քաղաքացիների մեծ մասը սիրում է նրանց։ Եվ եթե ստեղծագործողների մեծ մասին կոտրեն ու ստիպեն տարածել Փաշինյանի գաղափարները, ապա կմեծանա ՔՊ-ի հաղթելու հավանականությունը 2026-ի ԱԺ ընտրություններում։

Ի վերջո՝ հայ ժողովրդի մեծ մասը ծանր է տանում 2020-2023-ի պարտությունները, մարդկային կորուստները, Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների բռնազավթումը, Արցախից հայերի բռնի տեղահանությունը և այլ ազգային աղետները։ Դրանից զատ՝ հանրության մեծ մասն անկախության ջատագով է։ Ստեղծագործողն ինչքան անհոգի էլ լինի, չի կարող շրջանցել այս թեմաները։ Ու եթե իշխանություններն այս նախագծով խոչընդոտներ ստեղծեն ստեղծագործողների համար, հնարավորություն չտան անդրադառնալու հանրությանը հուզող թեմաներին ու գաղափարներին, ապա այսօրինակ գրաքննությունն էապես գցելու է հայկական ստեղծագործությունների որակն ու արժեքը, նեղացնելու է գրական խնդիրների շրջանակը, պրիմիտիվացնելու է մշակույթը։ Դրա արդյունքում կխեղվի ժողովրդի հոգեբանությունն, ու կգա ոգու սով, ինչն ազգային անվտանգային սպառնալիք է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա