Երևան +16°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:07 05-02-2022

ՀՅԴ-ին հոգու և ոգու ռեստարտ է անհրաժեշտ

Այսօր Դաշնակցության ծնունդն է, նշում են ՀՅԴ հիմադրման 131 ամյակը։ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաերկարակյաց, ամենահին ու ամենաբարդ ճանապարհ անցած կուսակցությունն է Դաշնակցությունը, որը մինչ օրս դեռ քաղաքական օվկիանոսում լող է տալիս, կարողանում է իրեն ջրի վրա պահել։ Ռամկավարները, հնչակները կորան ասպարեզից, Դաշնակցությունը մնաց։

Բայց ՀՅԴ-ի՝ քաղաքական դաշտում մնալը հիմնականում նաև ՀՅԴ-ի հեղինակության կորստի հաշվին է եղել։ Այսօր էլ ՀՅԴ-ն իր հեղինակության հաշվին է, որ քաղաքական դաշտում դեռ դերակատար է, կարողացել է նորից պառլամենտ մտնել։ Հեղինակության հաշվին՝ և՛ դրական իմաստով, և՛ հեղինակության կորստի իմաստով, քանի որ իր անցած ճանապարհի, պետական կառավարման համակարգում ունեցած փորձառության շնորհիվ մտավ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինք ու անցավ խորհրդարան, բայց նաև դրանով նա կորցրեց իր հեղինակության հերթական չափաբաժինը։

Դաշնակցությանը Հայաստանում բոլորը չէ, որ իրական արժեքներով են բնութագրում։ Սա մի կուսակցություն է, որը հաճախ անտեսել է իր անցած ուղին, իր դավանած արժեքներն ու դրանք պահելու «սկզբունքայինությունից» ելնելով՝ հաճախ դրանք ոտնահարել։ ՀՅԴ-ն որքան էլ այսօր հազար ու մի բացատրություն գտնի, թե ինչու է տարբեր ժամանակներում նույն իշխանության հետ մեկ՝ կոալցիիա կազմել, մեկ՝ դուրս եկել ու նրան ընդդիմացել, մեկ է՝ մարդկանց մեջ ՀՅԴ-ն այլևս ընկալվում է որպես շահի, իշխանության մոլուցքով տառապող մի ուժ, որն իր շահի համար կարող է և՛ ընդդիմանալ որևէ ուժի, որ հանրության աչքում դիվիդենտեր հավաքի, և՛ համագործակցել այդ ուժի հետ, որին մի քանի օր առաջ մեղադրում էր տարբեր մեղքերի մեջ։

Եվ խոսքը միայն Սերժ Սարգսյանի իշխանության մասին չէ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքում մաս կազմող դաշնակցականներն էլ ժամանակին Քոչարյանին են մեղադրել, որի հետ իրենք տարիներ առաջ կոալցիա էին կազմել ու երկիր էին ղեկավարում, համատեղ պատասխանատվություն էին կիսում իրենց գործած սխալների համար։ Այսինքն՝ Դաշնակցության կյանքում շատ բան չի փոխվել։ Տարիներն անցնում են, իսկ ՀՅԴ-ն մնում է նույնը։

Անգամ սերնդափոխությունը նրանց չփրկեց, քանզի նոր, երիտասարդ ու թարմ դեմքերը թեև միգուցե այլ կերպ են մտածում, բայց իրենք անում են այն, ինչ որոշում են մեծերը՝ Դաշնակցության հին դեմքերը։ Իսկ նրանց մոտ արժեքային բաներ կան, որոնք կարծրացած մնացել են, չեն փոխվում։ Դաշնակցության վերնախավին՝ անկախ տարիքից, երիտասարդացում, հոգու և ոգու ռեստարտ է անհրաժեշտ։ Միայն կադրային երիտասարդացումը քիչ է, նրանք պետք է արժեհամակարգով երիատասարդանան, նոր թարմություն է պետք ներարկել նրանց մեջ, հակառակ դեպքում ՀՅԴ-ին 131 տարի անց լճացում և քաղաքական ասպարեզից իսպառ վերացում է սպասվում։

Ֆրիկ