Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:00 12-09-2025

Թրամփը կարող է խնդրել Փաշինյանին՝ ազատ արձակել Բագրատ Սրբազանին

Բելառուսն ու Ադրբեջանը մեր երբեմնի բախտակից երկրներ են, ԱՊՀ անդամ, սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Հայաստանում, ըստ ընդիմադիրների՝ կան քաղբանտարկյալներ։ Բելառուսում ևս կան։ Իսկ Ադրբեջանում ոչ միայն քաղբանտարկյալներ կան, այլև հայ ռազմագերիներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին կալանքի տակ պահելն ու դատավարությունը բացահայտ քաղաքական հիմքեր ու համատեքստ ունեն։

Սետեմբերի 11-ին Բելառուսի իշխանություններն ԱՄՆ նախագահի խնդրանքով ազատ են արձակել 52 բանտարկյալի, այդ թվում՝ 6 լիտվացու, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Բելառուսական բանտերում պահվող քաղբանտարկյալների ու լիտվացի գերիների ազատ արձակման հարցն անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է քննարկել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի բազմաթիվ ընդհանրությունները հիմք են ենթադրելու, որ Թրամփը նույնպիսի խնդրանքով կարող է դիմել նաև Փաշինյանին ու Ալիևին։ Ինչո՞ւ նախագահ Թրամփը չի խնդրում Փաշինյանին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Կամ ինչո՞ւ չի խնդրում Ալիևին ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։

Քաղբանտարկյալներն ազատ են արձակվում արտաքին ճնշման կամ ներքին վերափոխումների պարագայում։ Օրինակ՝ եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, ապա քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն։ Կամ եթե ՔՊ-ն հրաժարվի հակաժողովրդավարական, ապապետական գործելաոճից, մարդասիրական խիզախություն դրսևորի, ապա դարձյալ հնարավոր է, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն։

ՀՀ-ում եղել են արտաքին ճնշման տակ քաղբանտակյալին ազատելու նախադեպեր։ Օրինակ՝ 2008-ի մարտ 1-ից հետո 150 հոգի ձերբակալվել էր, բազմաթիվ մարդիկ էին հետապնդվում։ Ապրիլի 17-ին ԵՄ ճնշման տակ բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվեց։ Հետագայում ԵՄ ճնշման տակ բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ համաներում կիրառվեց։

1991-ից ի վեր ՀՀ-ում իշխանություններն Արևմուտքին ներկայացնել են, թե քաղաքական հիմքերով բանտարկյալները ռուսական գործակալներ են, որոնք դեմ են Արևմուտքին, ՀՀ անկախությանն ու ժողովրդավարությանը։ Նույնն է կրկնում նաև Փաշինյանն, այսօրվա քաղբանտարկյալներին ներկայացնելով որպես ռուսական գործակալներ։

Նույնն է նաև Ադրբեջանի պարագայում։ Ալիևը ազատ աշխարհին ներկայացնում է, թե Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը ռուսական գործակալներ են։ Ալիևին ձայնակցում են Փաշինյանի թիմակիցները, հավելյալ ապացույցներ են փորձում ներկայացնել, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու նրանց հայաստանյան աջակիցները ռուսական գործակալեր են։

Բելառուսում այդպես չէ, որովհետև ընդդիմությունը ժողովրդավարության և անկախության ջատագով է ներակայանում։ Ազատ արձակված 52 հոգու մեջ ռուսամետ գործիչներ չկան։ Լուկաշենկոն աշխարհի չի ստում, թե բոլոր քաղբանտարկյալները ռուսական գործակալներ են։ Ավելին՝ ինքը բաց ու աներկբա սպասարկում է ռուսական շահերը, բալանսավորման կեղծ խաղեր չի տալիս։ Ընդդիմությունը Լուկաշենկոյին առավելապես քննադատում է ռուսական շահերը սպասարկելու, ազգային շահերը ստորադասելու համար։

Կարճ ասած՝ Թրամփը կարող է խնդրել Փաշինյանին՝ ազատ արձակել Բագրատ Սրբազանին, եթե վերջինս ու նրա թիմակիցներն ապացուցեն, որ ռուսական գործակալ չեն, անկախության ու ժողովրդավարության ջատագով են, Հայաստանը ռուսական քայքայիչ կապանքներից ազատելու ջատագով են։ Նույնկերպ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կարող են իրենց ուղերձներում, դատարանում ելույթներում հանդես գան որպես ժողովրդավարության ջատագով, Արցախի ազատության համար պայքարը կապեն ժողովրդավարութան հետ, քննադատեն Ալիևին ռուսական շահեր սպասարկելու, հակաքաղաքակրթական քայլերի համար։ Օրինակ՝ կարող են հայտարարել, թե ուզում էին՝ Արցախն անկախ լիներ, քանի որ Ադրբեջանը հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական երկիր էր։ Հայ քաղբանտարկյալների և Արցախի նախկին ղեկավարների այսպիսի հստակ դիրքորոշումների պարագայում հնարավոր է, որ Թրամփը խնդրի Փաշինյանին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև խնդրի Ալիևին՝ ազատ արձակել Արցախի նախկին ղեկավարներին։

Թաթուլ Մկրտչյան